ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է ժողովրդին՝ կապված նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նախօրեին տեղի ունեցած մահափորձի հետ։ Օվալաձեւ աշխատասենյակում տեսաձայնագրված հայտարարության մեջ նա քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել քաղաքականության մեջ բռնության կիրառումից:
«Պետք է իջեցնենք ջերմաստիճանը մեր քաղաքականության մեջ: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս տեսակի բռնությունը դառնա նորմ: Քաղաքական հռետորաբանությունը մեր երկրում շատ է թեժացել: Ժամանակն է սառեցնել այն»,-ասել է Բայդենը իր ուղերձում:
Նա ընդգծել է, որ քաղաքականությունը պետք է լինի «խաղաղ բանավեճի ասպարեզ», եւ բռնությունը երբեք լուծում չէ: Քաղաքական պայքարը «երբեք չպետք է դառնա իրական մարտադաշտ եւ, Աստված մի արասցե, սպանության դաշտ», — հավելել է նախագահը։
«Ամերիկայում մենք մեր տարաձայնությունները լուծում ենք քվեատուփի մոտ։ Հիմա դա անելու ժամանակն է: Քվեատուփի մոտ։ Եվ ոչ փամփուշտներով»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Նախագահը Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում եւ 50-ամյա հրշեջ Քորի Կոմպատորին անվանել «հերոս», ով սպանվել էր Թրամփի հանրահավաքի ժամանակ՝ պաշտպանելով իր ընտանիքի անդամներին գնդակներից։
Բայդենը նաեւ նշել է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները դեռեւս որեւէ հստակ եզրակացություն չեն արել հարձակվողի դրդապատճառների վերաբերյալ։
«Հրաձիգի դրդապատճառները մեզ դեռ անհայտ են։ Մենք չգիտենք, թե նա ինչ տեսակետներ ուներ եւ ում էր աջակցում։ Մենք չգիտենք՝ նա որեւէ մեկից օգնություն կամ աջակցություն ստացե՞լ է, կամ արդյո՞ք որեւէ մեկի հետ կապեր ունեցել է»,-նշել Բայդենը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաքում Թրամփի նախընտրական ելույթի ժամանակ կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով վիրվորվել էր նախկին նախագահը։ Զոհվել էր մեկ մարդ, վիրավորվել էին երկուսը։