Ադրբեջանի եւ Իրանի միջեւ բանակցությունների արդյունքով հուլիսի 15-ից Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեով։ Դեսպանն ու դեսպանատան ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան։ Այս մասին հայտարարում է Ադրբեջանի արտգրծնախարարությունը։
Ըստ հաղորդագրության իրանական կողմը, որպես ընդունող երկիր, դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով նախատեսված անվտանգությունն ապահովելու պարտավորության համաձայն, համապատասխան միջոցներ է ձեռնարկել դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։
Նաեւ նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում հյուպատոսական ծառայությունը նոր շենքում կազմակերպելու համար։
«Դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության վրա հիմնված ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը եւ լուծում պահանջող խնդիրներին»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության տեքստում:
Հիշեցնենք, որ Բաքուն հայտարարել է դեսպանատան գործունեության դադարեցման մասին նախորդ տարվա աշնանը։ Դրա համար որպես պատճառ էր հանդիսացել հունվարի 27-ին դիվանագիտական հաստատության վրա զինված հարձակումը, որի արդյուքնում սպանվել էր անվտանգության ծառայության պետը։ Սրան հաջորդել էր դեսպանատան անձնակազմի տարհանումը։