Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հուլիսի 15-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը եւ այլք։
«Բարձր եմ գնահատում զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որը 2 տասնամյակից ավել հանդիսանում է Հայաստանի գործընկերը, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների եւ ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում։ Բարձր եմ գնահատում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը»,-բացման խոսքում ասել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Ինչպես նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: