Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չեղարկել է հանձնակատարների այցը Հունգարիա եւ իջեցրել ներկայացուցչության մակարդակը Հունգարիայի նախագահությամբ Եվրամիության խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումներում։ Այս մասին X-ի էջում կատարած գրառմամբ հայտնում է ֆոն դեր Լեյենի խոսնակ Էրիկ Մամերը։
«Հունգարիայի նախագահության մեկնարկի հետ կապված վերջին զարգացումների լույսի ներքո, նախագահը որոշել է, որ ԵՄ Հանձնաժողովը ներկայացված կլինի ավագ պետական ծառայողների մակարդակով Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ»,-նշել է Մամերը գրառման մեջ եւ հավելել, որ «Կոլեգիայի (Եվրահանձնաժողովի) այցը նախագահող երկիր չի կայանա»:
Հունգարիայի ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո վարչապետ Վիկտոր Օրբանն այցելել է Ուկրաինա, Ռուսաստան եւ Չինաստան։ Անձամբ Օրբանը, իր այցերն անվանել է «խաղաղ առաքելություն», որի ընթացքում երկրների ղեկավարների հետ քննարկել է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ խաղաղության պայմանները։ Մասնավորապես, Օրբանը Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է մտածել հրադադարի մասին եւ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Իսկ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ կողմերի դիրքորոշումները կտրականապես տարբեր են միմյանցից։
Պեկինում էլ Օրբանը բարձր էր գնահատել նախագահ Սի Ցզինպինի «չինական խաղաղության ծրագիրը», որը մերժվել էր ԵՄ ղեկավարության կողմից՝ միջազգային իրավունքի ընտրովի մեկնաբանության եւ ագրեսորի եւ ագրեսիայի զոհի միջեւ սահմանը լղոզելու համար:
ԵՄ երկրները քննդատել են Օրբանին իր ԵՄ -ից չարտոնված ուղեւորությունների համար՝ հայտարարելով, դա չի իրականցվում Եվրամիության անունից։