Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում։
Մեցոլայի թեկնածության օգտին քվեարկել է 562 պատգամավոր։ Նրա մրցակիցը իսպանական «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախակողմյան կուսակցության անդամ Իրեն Մոնտերոն էր։
Քվեարկությունից հետո իր ելույթում Եվրախորհրդարանի նախագահը կոչ արեց պատգամավորներին միավորվել եւ «աշխատել բոլորի համար Եվրոպա ստեղծելու ուղղությամբ»։
Մասնագիտությամբ իրավաբան Մեցոլան իր առաջին մանդատը Եվրախորհրդարանում ստացել է 2013 թվականին։ 2020 թվականին նա ընտրվել է առաջին փոխնախագահ, իսկ 2022 թվականին՝ 42 տարեկանում, դարձել է Եվրախորհրդարանի ամենաերիտասարդ նախագահը։