Թեհրանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Արեւմուտքի հետ, սակայն դրանք բարելավելու հաջորդ քայլը պետք է արվի հենց Արեւմուտքի կողմից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։
«Մենք հավատում ենք, որ այժմ եկել է ժամանակը, եւ հերթը մյուս կողմինն է՝ ապացուցելու իր անկեղծ [մտադրությունները] փոխգործակցություն սկսելու եւ [հարաբերությունների] նոր գլուխ բացելու համար։ Մենք միշտ եղել ենք չափազանց ազնիվ եւ լուրջ, իհարկե, մենք ազնիվ եւ լուրջ կլինենք, երբ խոսքը վերաբերում է միջազգային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության ապահովմանը»,-ասել է քաղաքական գործիչը Newsweek ամսագրին տված հարցազրույցի ժամանակ: Նա այդպիսով պատասխանել է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելուց հետո Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման հավանականության մասին հարցին։
Ընտրական բանավեճերի ժամանակ Փեզեշքիանի հանդես է եկել Արեւմուտքի հետ երկխոսության, միջուկային գործարքի վերականգնման եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման օգտին։ Սակայն, իրանցի վերլուծաբանները նախազգուշացնում են, որ այս ծրագիրը կարող է մնալ թղթի վրա, եթե հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում 2024 թվականի նոյեմբերին, ինչը կարող է սահմանափակել բանակցային գործընթացը։
«Ամերիկացիներն իրենց թույլ են տալիս խոսել Իրանի ժողովրդի կատարած ընտրության մասին եւ փորձում են մերժել այն։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է բացել նոր գլուխ, ապա ԱՄՆ-ը պետք է հարգի Իրանի ժողովրդի ընտրությունը եւ ընտրությունների ընթացքը։ Մենք հարգում ենք ամերիկյան ժողովրդի ընտրությունը, եւ ամերիկացիները պետք է հարգեն Իրանի ժողովրդի ընտրությունը»,-ասել է Քանին՝ պատասխանելով այն հարցին թե ինչ գնահատական ունի ԱՄՆ ընտրությունների նախապատրաստությունների շուրջ։
Հուլիսի 15-ին Բաղերի Քանին ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարների մակարդակով հանդիպումներին՝ ուղղված միջազգային հարաբերություններում բազմակողմանիության, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի իրավիճակի, այդ թվում՝ Պաղեստինի հարցի շուրջ։