Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Եվրահանձնաժողովը կոչ է արել Քովիդ-19-ի դեմ պատվաստումների ավելացմանը զուգընթաց աստիճանաբար թուլացնելու ճամփորդության հետ կապված սահմանափակումները:
Եվրամիության գործադիր մարմինը հայտարարել է, որ թեստավորումը կամ կարանտինը չպետք է տարածվեն այն մարդկանց վրա, ովքեր ճանապարհորդությունից 14 օր առաջ ստացել են պատվաստանյութի անհրաժեշտ բոլոր չափաբաժինները: Ապաքինվածները 180 օրվա ընթացքում պետք է ազատվեն սահմանափակումներից:
Հանձնաժողովը նաեւ առաջարկել է, որ ավելի հուսալի, բայց ավելի թանկ ՊՇՌ թեստերը ուժի մեջ լինեն 72 ժամ, իսկ արագ թեստերը՝ 48 ժամ:
Եվրամիության արդարադատության հարցերով հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը նշել է, որ այդ կարգն արդեն կիրառվում է Եվրամիության շատ երկրներում, եւ այն պետք է մարդուն ազատ տեղաշարժի իրավունք տա՝ անկախ ժամանման կամ մեկնման վայրից։
Մայիսի սկզբին Եվրամիությունը հաստատել է պատվաստման հավաստագրերը, որոնք վկայում են, որ անձն ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, վարակվել է, ապաքինվել կամ ունի կորոնավիրուսի ստուգման բացասական արդյունք: