Լոռու մարզի Դսեղ, Չկալով, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր եւ Աթան գյուղերի բնակիչներն այսուհետ առողջապահական որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան Դսեղի նոր, ժամանակակից սարքավորումներով կահավորված առողջության կենտրոնում։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներդրումներով կառուցված շենքում անվճար ամբուլատոր ծառայությունից բացի ներդրվել է պիլոտային ծրագիր, որի շրջանակում բնակչությանը կրկին անվճար հիմունքներով կմատուցվեն հավելյալ ծառայություններ՝ թեստավորում, հիվանդությունների ախտորոշում, դեղորայքի տրամադրում եւ այլն։ Ծրագրի նպատակը առողջապահության առաջնային պահպանման օղակի բարելավումն է։
«Ծրագրի առաջին փուլում կենտրոնանում ենք սրտանոթային հիվանդությունների վրա, որովհետեւ Հայաստանում մահացության 50%-ը դրանցով է պայմանավորված։ Եթե ուզոմ ենք ավելի առողջ բնակչություն, երկիր ունենալ, պետք է սկսենք սրտանոթային հիվանդություններից։ Ինֆարկտը, ինսուլտը, ինչպես նաեւ երիկամային անբավարարությունը հիմնականում արյան բարձր ճնշումից եւ շաքարային դիաբետից են առաջ գալիս, դրա համար առաջին փուլը սկսում ենք այդ երկուսից»,- ասում է ՔՈԱՖ-ի համայնքային առողջապահական ծրագրերի ղեկավար Լորքի Լիբարիդյանը։
Պիլոտային այս ծրագրի շրջանակում առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկները վերապատրաստվել են, ինչի շնորհիվ բուժառուներին Ալավերդու, Վանաձորի եւ Երեւանի բուժհաստատություններ ուղեգրելու կարիք չի լինելու։ Նաեւ ամիսը մեկ Երեւանից այստեղ սրտաբան եւ էնդոկրինոլոգ են գալիս՝ տեղի բժիշկների հետ առավել բարդ դեպքերը զննելու։
«Բուժառուի, նրա ընտանիքի, գյուղի եւ վերջապես պետության համար ծախսարդյունավետության առումով էլ շատ կարեւոր է, որ մենք կանխարգելենք խնդիրները, ոչ թե մարդը ինֆարկտ տանի ու հազիվ հասնի ստենդավորման։ Եթե պետպատվերով կա գումար, ավելի ճիշտ է դա ծախսել հիվանդության վաղ հայտնաբերման ու կանխարգելման վրա», — նշում է Լորքի Լիբարիդյանը։
Ինտեգրված բուժօգնության միջազգային փորձին հետեւելով՝ Դսեղի առողջության կենտրոնում նաեւ սոցիալական աշխատող եւ հոգեբան են ներգրավելու, որոնք մշտական կապի մեջ են լինելու հիվանդների ընտանիքների հետ։
«Մարզային արդեն 19 ամբուլատորիաների նախագծման աշխատանքներն ավարտական փուլում են, եւ այս տարի, հույս ունենք, որ շինարարական աշխատանքները կսկսվեն։ Հաջորդիվ եւս 20 պոլիկլինիկաներ կմիանան այս ծրագրին։ Դսեղի ամբուլատորիան լինելու է մոդելային, որտեղ վերափոխվում են ոչ միայն ենթակառուցվածքները, այլեւ ամբողջական նոր, որակյալ բուժսպասարկում է ապահովվելու»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Դսեղի առողջության կենտրոնում ներդրված պիլոտային ծրագրի երկրորդ փուլն ուղղվելու է երեխաների առողջապահական խնամքին ու մեծահասակների քաղցկեղի կանխարգելիչ զննումներին։ Առողջապահության առաջնային պահպանման օղակի բարելավմանն ուղղված այս ծրագրի հաջող իրականացման դեպքում կենտրոնի շահառու բնակավայրերի թիվը կմեծանա։
«Պիլոտային ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, միեւնույն ժամանակ ՔՈԱֆ-ից կա ներդրում՝ ծրագրի տարբեր կոմպոնենտների հետ կապված։ Համատեղ ֆիանանսավորում է՝ թե՛ պետական բյուջեից, որպես ստանդարտ ամբուլատորիա՝ իր պիլոտային ծրագրով, թե՛ ՔՈԱՖ-ի կողմից՝ լրացուցիչ ծառայությունների մասով, որը մենք ներդրել ենք եւ հույս ունենք, որ արդյունք ցույց կտանք, եւ այս մոդելը հնարավոր կլինի տարածել նաեւ այլ համայնքներում»,- ասաց ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։
Առողջության առաջնային պահպանման հատվածից բացի Դսեղի առողջության կենտրոնն ունի ատամնաբուժական բաժանմունք։ Շուտով կգործի նաեւ դեղատունը։ Լոռու յոթ գյուղերի 4000 բնակչի սպասարկելու են ընտանեկան 8 բժիշկ, 18 բուժքույր, 2 ատամնաբույժ եւ մեկ լաբորանտ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։