Հայաստանի պաշտպանության նախարարությունում կաշխատի ԱՄՆ բանակի ներկայացուցիչ։ Այս մասին «Հետք»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա կարող է հաստատել հաստատել Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում ԱՄՆ բանակի ներկայացուցչի աշխատանքի մասին տեղեկությունները Զեյան նշել է․ «Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից եւ լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ պաշտպանա-քաղաքացիական եւ անվտանգային համագործակցության խորացումը։ Սա եւս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թեւակոխելու պատմական փաստը»։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ անդամակցությունը խոչնդոտ չէ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։ Ընդգծելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը Զեյան նշել է․ «Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական եւ քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ»։
Հաջորդիվ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ չկա որեւէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովմանը։