Արարատի մարզի Կարմիրսարը միաժամանակ տարբեր ընկերությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Ցանկանում են կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի շահագործում սկսել, ցեմենտի գործարան բացել։ Նման նախաձեռնություններում բնակչության ձայնը հաշվի առնելը պարտադիր է, հանրային լսումներ են անհրաժեշտ, սակայն բնակիչներն ասում են՝ դրանք պատշատ չեն անցկացվում։
Վերջին հանրային լսումները Գինեվետ բնակավայրում կազմակերպել էր «ՕՐԴ» ընկերությունը։ Քննարկումները լարված մթնոլորտում են անցել, համայնքների բնակիչների մեծ մասն այդպես էլ չի կարողացել մուտք գործել բնակավայրի վարչական կենտրոնի տարածք, որտեղ անցկացվել է միջոցառումը։
Մարզում գործող «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանն այն անձանցից է, որոնք չեն կարողացել իրենց դիրքորոշումն արտահայտել։
«Հանրային լսումները չեն կազմակերպվում պատշաճ կերպով։ Դրանց մասին հանրությանը պետք է իրազեկեն տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ), կազմակերպիչներն ու պատասխանատուները։ Հայտարարությունները հրապարակում են ՏԻՄ կայքում՝ համարելով, թե իրենց պարտավորությունը կատարվել է։ Հանրային լայն շրջանակներում տեղեկացումը պետք է կատարվի նամակներով, բնակավայրերի տեսանելի վայրերում տեղադրված պաստառներով, այլ ձեւաչափերով»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Կարագոզյանը՝ հավելելով, թե հանրային լսմանը ոստիկանական ուժերի անհարկի բարձր ներկայացվածություն է եղել։
Օրենքով նախատեսված կարգով ազդակիր համայնք պետք է դառնան թե՛ Վեդի խոշորացված համայնքը, թե՛ Արտաշատ խոշորացված համայնքը, բայց ազդակիր են դիտարկվել միայն երկուսը՝ Գինեվետն ու Այգեզարդը։
Հանրային լսումների ընթացքում հոգեբանական ու ֆիզիկական ճնշումներ են կիրառվել։ Այգեզարդ բնակավայրի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը նույնպես չի կարողացել մասնակցել Գինեվետի հանրային լսմանն ու իր կարծիքը ներկայացնել, թեեւ մինչ հանրային լսումը դիմել է Արտաշատի համայնքապետարան եւ Շրջակա միջավայրի նախարարություն, որ ապահովեն հանրային քննարկմանը իր ներկայացությունը։ Դրական պատասխան է ստացել։
«Գինեվետն են համարել ազդակիր գոտի, որը պաշտոնապես մոտ 500 բնակիչ ունի, փաստացի՝ երեւի մոտ 300։ Ոստիկանները շենքի մուտքը փակել էին։ Խտրական վերաբերմունք էր, մարդկանց ընտրողաբար էին թույլ տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, թե ներսում շոգ է, մինչդեռ ես ու շատ այլ քաղաքացիներ հանրային միջոցառման սկսվելուց առնվազն կես ժամ առաջ տեղում էինք եւ կարող էինք ներս մտնել։ Բազմաթիվ գինեվետցիներ նույնպես չկարողացան մասնակցել իրենց բնակավայրին առնչվող հարցի քննարկմանը»,-«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է Արփինե Խաչատրյանը։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավարն այս գործընթացում կոռուպցիան ռիսկեր է տեսնում։ «ՕՐԴ» ընկերությունը Վեդու համայնքապետարանի հետ հուշագիր է ստորագրել, թե ստացված շահույթի տասը տոկոսը կտրամադրի համայնքին։ Ինչպե՞ս են նախապես նման բան հայտարարում, երբ որեւէ գործարք չկա։
Հանքի շահագործման հարցով մի քանի հանրային լսումներ էլ Այգեզարդում անցկացրել է «Դիգընդիգ» ընկերությունը։ Արփինե Խաչատրյանն այս տարվա մարտին պատահաբար է տեղեկացել, որ ընկերությունն արդեն երրորդ լսումն է անցկացնում բնակավայրում։ Դրանից հետո է նախաձեռնող խումբ ստեղծվել, որը ստորագրահավաք է կազմակերպել։
«Բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է հանքարդյունաբերությանը, եւ դա տեսանելի է փաստաթղթով։ Գյուղում պաշտոնապես մոտ 3100 բնակիչ կա, փաստացի՝ շատ ավելի քիչ են ապրում։ Մեր ստորագրահավաքին մասնակցել է 2300-ից ավելի այգեզարդցի՝ հայտնելով իր «դեմ» դիրքորոշումը։ 100-ը արտերկրում բնակվող այգեզարդցիներ են, մյուսները՝ փաստացի բնակիչներ»,-հայտնում է նախաձեռնող խմբի համակարգողը։
Տարածքի տնտեսության ավանդական եւ արդյունավետ ձեւը գյուղատնտեսությունն է, որով բնակիչները ցանկանում են զբաղվել։
«Այգեզարդում մի թիզ հող չկա, որ չմշակվի, տիպիկ պտղաբուծական գոտի է։ Միրգը, պտուղ-բանջարեղենը մեծ մասշտաբներով արտահանվում է։ Սարի լանջին գտնվող այգիների ծիրանն է Հայաստանում առաջինը հասունանում ու բարձր գնով վաճառվում։ Դա մեր կայուն եւ մշտական եկամտի աղբյուրն է, որը չենք ցանկանում փոխարինել հանքարդյունաբերությամբ»։
Շահագործման դեպքում հանքը տաշվելու է, ինչը մեծ ծավալով փոշի է արտանետելու։ Ընկերությունը նշում է, թե այն կչեզոքացնի ջրով։
«Այդ սարը գյուղը պաշտպանում է քամիներից, ցրտից։ Այգիները դրա շնորհիվ չեն ցրտահարվում, ու բերքն էլ շուտ է հասնում։ Ոռոգման ջրի խնդիրը մեր տարածքում շատ սուր է։ Բոլոր այգիները ոռոգովի են, ամեն տարի ջրի սակավության հարց է առաջանում։ Լրացուցիչ ցիստեռններով էլ այդ հսկա հանքարդյունաբերական տարածքին ջուր մատակարարելը ոռոգման ջրերով է լինելու, ինչը եւս մի հարված է գյուղատնտեսությանը»,-նշում է Արփինե Խաչատրյանը։
Արարատցիները խնդրահարույց են համարում, որ մարզում արդեն իսկ աշխատող գործարանները չեն վերահսկվում․ այդ դեպքում ինչու՞ նորի մասին մտածել։
«Արարատի մարզի բնակիչները վատ փորձ ունեն։ Օրինակ՝ Արարատի ցեմենտի գործարանը, տարիներ ի վեր աշխատելով, լիցենզիայով ստանձնած պարտավորությունները բազմիցս խախտել է։ Միշտ եղել է արտանետումների անթույլատրելի չափ, ինչն ուղիղ ազդեցություն է ունեցել տեղի բնակչության կյանքի եւ առողջության վրա։ Ոսկու հանքաքարի մշակման գործարանի պոչամբարը եւս չի աշխատում նախատեսված ձեւով։ Եթե պետությունը չի կարողանում վերահսկել արդեն իսկ գործող հանքավայրի ու գործարանի աշխատանքը, չունենք վստահություն, որ կարող է հսկել նոր բացվելիք հանքավայրերի կամ գործարանների գործունեությունը»,-ասում է Մհեր Կարագոզյանը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: