Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել, որ ի պատասխան Գերմանիայում ամերիկյան հրթիռների տեղակայման Մոսկվան կարող է տեղակայել սեփական հեռահար հրթիռները, այդ թվում եւ «միջուկային մարտագլխիկներով»։
«Ես ոչ մի տարբերակ չեմ բացառում»,- նրա խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը։ Ռյաբկովը չի հստակեցրել, թե որտեղ եւ ինչ տեսակի հրթիռներ կարող են տեղակայվել։
Հուլիսի 11-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները սկսում էհեռահար սպառազինությունների «փուլային» տեղակայումը Գերմանիայի տարածքում: Հեռահար կրակային ստորաբաժանումները կներառեն SM-6 հրթիռներ, Tomahawk եւ դեռեւս մշակման փուլում գտնվող այլ գերձայնային հրթիռներ, «որոնք ունեն ավելի մեծ հեռահարություն, քան Եվրոպայում ներկայումս գոյություն ունեցող կրակային միջոցները»։
ՌԴ ԱԳՆ-ն սրան ի պատասխան հայտարարել էր, որ Մոսկվան «առանց նյարդերի, առանց էմոցիաների առաջին հերթին ռազմական պատասխան կմշակի այս նոր խաղի դեմ»։
Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսն ավելի ուշ հայտարարել էր, որ հասկանում է գերմանացիների մտահոգությունները՝ կապված ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայման ծրագրերի հետ։ Նրա կարծիքով չնայած դրան Գերմանիան պետք է ունակ լինի «հնարավորինս լավ պաշտպանել ինքն իրեն»։
Սառը պատերազմից հետո առաջին անգամ Գերմանիայի տարածքում կտեղակայվեն հեռահար հրթիռային համակարգեր, որոնք կարող են հասնել Ռուսաստանի տարածք, նշում է DW-ն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը ունի բավականաչափ զսպման ներուժ Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայման դեպքում, սակայն պետք է իր հրթիռները ստիպված է նախ ուղղել դեպի եվրոպական երկրների մայրաքաղաքներ։