Մեր երկրում թմրամիջոցներ գործածող անչափահասների եւ կանանց թիվը տարեցտարի ավելանում է։ Բոլոր թմրամիջոցները վտանգավոր են առողջության համար: Այս կամ այն թմրամիջոցի առավել վտանգավորությունը պայմանավորված է դրա՝ կախվածություն առաջացնելու չափով: Այդ առումով առավել վտանգավոր են հոգեխթանիչները եւ ափիոնատիպ նյութերը, որոնց նույնիսկ մեկանգամյա գործածումից ձեւավորվում է կախվածության համախտանիշ:
Այս խմբերի թմրամիջոցների օգտագործման դեպքում հնարավոր է նաեւ գերդոզավորում՝ հավանական մահվան ելքով։ Արյան միջոցով տարածվող հիվանդությունների (վիրուսային հեպատիտներ B, C, նաեւ ՄԻԱՎ) առումով առավել վտանգավոր են ներարկումային եղանակով գործածվող թմրամիջոցները:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է 7772 անձ։ Նրանից 7-ը 16-17 տարեկան է, 13-ը՝ 18 տարեկան, 180-ը՝ կին։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կենտրոնում հաշվառված էր 175 կին։
2023-ին թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը 2022 թվականի համեմատ ավելացել է 2804-ով՝ կազմելով 5070։ Թմրամիջոցները հիմնականում Հայաստան են ներմուծվում Իրանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Իսպանիայից։
Թմրաշրջանառության մեղադրանքով 2022-ին քրեական պատասանատվության է ենթարկվել 760 անձ (նրանցից 33-ը կին, 6-ն՝ անչափահաս), 2023-ին՝ 1244 (նրանցից 46-ը կին, 10-ն անչափահաս)։
Թմրամիջոցներ ձեռք բերելն այժմ ավելի հեշտ է, քան, ենթադրենք, տասը տարի առաջ։ Շատերը Տելեգրամի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով են գնում դրանք։ Նաեւ այս հանգամանքով է պայմանավորված թմրամիջոցներ գործածողների թվի աճը։ Ուստի, հատկապես անչափահասների նկատմամբ ծնողները պետք է շատ ուշադիր լինեն։
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն հիմնականում դիմում են հոգեխթանիչներից (մետամֆետամին, ամֆետամին), կաննաբինոիդներից (մարիխուանա, հաշիշ), ափիոնատիպ նյութերից (ափիոն, հերոին, բուպրենորֆին) կախվածություն ունեցողները։ Վերջին տարիներին հաշվառված անձանց 75 տոկոսը 19-ից 49 տարեկան է։ Կենտրոնում կիրառվող բուժման մեթոդներն ունեն ապացուցողական հենք եւ արդյունավետ են»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։
Հոգեխթանիչները սինթետիկ թմրամիջոցներ են, կաննաբինոիդները՝ բնական, իսկ ափիոնի խմբի թմրամիջոցները լինում են թե՛ բնական, թե՛ սինթետիկ, թե՛ կիսասինթետիկ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ափիոնատիպ նյութերից (օրինակ՝ մորֆին, հերոին, ֆենտանիլ, տրամադոլ, մեթադոն) կախվածության դեպքում իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժում, այլ կախվածությունների դեպքում՝ արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային պայմաններում ապաթունավորում (դետոքսիֆիկացիոն բուժում)՝ սոցիալ-հոգեբանական աջակցությամբ:
«Թմրամիջոցներից կախվածության բուժման արդյունքում բուժառուն ոչ թե առողջանում է, այլ ունենում է ախտադադար (ռեմիսիա)։ Դա այն ժամանակահատվածն է, երբ բուժառուն թմրամիջոց չի գործածում: Ախտադադարի տեւողությունը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով՝ պացիենտի մոտիվացիա, պահպանողական բուժում, սոցիալ-հոգեբանական ռեաբիլիտացիա եւ այլն»,- մանրամասնում է Սուրեն Նազինյանը։
Նա կարեւորում է կրթական հաստատություններում երեխաներին թմրանյութերի վտանգավորության վերաբերյալ գիտելիքներ փոխանցելը։ Ըստ Նազինյանի՝ երեխան դեռ մանկուց պետք է իմանա այս կործանարար նյութերի, դրանց գործածումից բխող ծանր հետեւանքների մասին։
ԿԳՄՍՆ փախնախարար Արաքսիա Սվաջյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է՝ դպրոցներում 5-11-րդ դասարաններում դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» առարկան։ Դրանում ընդգրկված են նյութեր առողջ ապրելակերպի` ներառյալ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման ու չարաշահման վտանգավորության, թմրամիջոցների օգտագործման վնասների մասին:
«ՆԳՆ ոստիկանությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների, ուսուցիչների եւ ծնողների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության դեմ պայքարի թեմաներով զեկույցներ եւ սեմինարներ է անցկացնում։ Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում եւս ոստիկանության ներկայացուցիչները սեմինարներ են անցկացնում վերոնշյալ թեմաների վերաբերյալ»,- մանրամասնում է Արաքսիա Սվաջյանը։
Առաջիկայում եւս մշակվելու են նոր կրթական ծրագրեր թմրանյութերի վտանգավորության, դրանց գործածման հետեւանքով առաջացող հիվանդությունների վերաբերյալ։ Ծրագրերը մշակելիս հաշվի է առնվում միջազգային փորձը։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոն դիմողերի, բուժվելու ցանկություն ունեցողների թիվը տարեցտարի աճում է, բայց հանրության շրջանում դեռ մեծ աշխատանք պետք է տարվի։ Կենտրոնում գրանցված անձանց թիվը չի արտացոլում թմրանյութեր գործածողների իրական քանակը։ Բնականաբար, թմրանյութերից կախվածություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք չեն դիմում բժշկի, կախվածության դեմ բուժում չեն ստանում։
Սուրեն Նազինյանը հիշեցնում է՝ մարդիկ պետք է գիտակցեն՝ եթե արդեն հայտնվել են այդ ճահճում, թմրանյութերից կախվածություն ունեն, անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել մասնագետների օգնությանը։ Կենտրոնում աշխատում է մասնագիտական պրոֆեսիոնալ անձնակազմ, որը շատերին է օգնել հրաժարվել թմրամիջոցներից, հաղթահարել հոգեբանական ծանր վիճակն ու վերադառնալ բնականոն կյանք։ Պետք է կամքի ուժ ունենալ, հավատալ, որ, իսկապես, հնարավոր է հաղթել կախվածությանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։