Երբ Հայաստանի գործող իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հայտարարում են, որ ցանկալի է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայել միջազգային դիտորդներ եւ խաղաղապահ ուժեր, առաջին հերթին դրանով ընդունում են, որ միայնակ մենք ի վիճակի չենք վերահսկելու եւ պաշտպանելու սահմանի այդ հատվածը, որտեղ Ադրբեջանն իրականացնում է պարբերական ներխուժումներ, սպանում եւ գերեվարում է հայ զինվորականների։
Փաշինյանի իշխանության գալուց ի վեր Հայաստանի անվտանգությունը դրվել է հարցականի տակ, քանի որ պետությունը չի կարողանում պաշտպանել եւ վերահսկել իր սահմանները։
Հայաստանի նախկին իշխանությունները 1992-ի օգոստոսին Ռուսաստանի հետ ստորագրեցին պայմանագիր, համաձայն որի՝ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանների երկայնքով տեղակայվեցին ռուս սահմանապահ ուժեր։ Արդեն գրեթե 30 տարի հայ-ռուսական համատեղ սահմանապահ ուժերը ապահովում են Հայաստանի արտաքին սահմանների ավելի քան 350 կիլոմետրի անվտանգությունը։
Վրաստանի հետ սահմանը պաշտպանում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերը։
Հայաստան-Ադրբեջան սահմանի Նախիջեւանի հատվածի պաշտպանությունը իրականացրել են հայկական զինված ուժերը։ Թեեւ եղել են որոշ բախումներ, բայց ընդհանուր առմամբ, սահմանի այս հատվածը, որ անցնում է լեռնաշղթաներով ու լեռնագագաթներով, բարդ լեռնային տարածքներով, 1990-ից ի վեր եղել է համեմատաբար հանգիստ։
Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի 300 կիլոմետրանոց հատվածը, ինչպես նաեւ Գեղարքունիքի մի հատվածը՝ մինչեւ Սոթք, պաշտպանել են հայկական զինված ուժերը։
Նախքան 2020-ի սեպտեմբերի 27-ը հայկական զինված ուժերը ապահովում էին նաեւ Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանը երկարել է հարյուրավոր կիլոմետրերով, գործող հայկական իշխանությունները ի վիճակի չեղան նոր պաշտպանական գծեր կառուցելու Սոթքից մինչեւ Հայաստան-Իրան-Ադրբեջան սահմանի Արաքսի ափամերձ հատված։
Փաստացի, Հայաստանը ի վիճակի չէ նաեւ ապահովելու Արցախի անվտանգությունը, այդ պատճառով այնտեղ տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր 5 տարի ժամկետով։
Փաշինյանի կառավարությունը (ավելի հստակ՝ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը) պարտվել է պատերազմում, կորցրել Արցախի կամ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների երեք քառորդը։ 1991-ից ի վեր առաջին անգամ Հայաստանի իշխանությունները ունակ չեն ապահովելու մեր սահմանների եւ բնակչության անվտանգությունը։ Ահա այդ պատճառով է, որ Փաշինյանը դիմում է ռուսական եւ միջազգային (թեեւ ռուսականն էլ միջազգային է) դիտորդների եւ խաղաղապահների օգնությանը։
Արցախյան եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտությունը բացառիկ էր նաեւ նրանով, որ ավելի քան 25 տարի հարաբերական խաղաղությունը պահպանվում էր ոչ թե դիտորդների ու խաղաղապահների ներկայության, այլ հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության հաշվին։ Հարաբերական խաղաղության ապահովման մեկ այլ կարեւոր բաղադրիչ էր բանակցային գործընթացը։
Սեպտեմբերի 27-ից հետո ներհայկական, իշխանական դիսկուրսում առաջին պլան է մղվել դիտորդների եւ խաղաղապահների թեման:
Մինչեւ 1994-ի Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովը Ռուսաստանը ձգտում էր միայնակ խաղաղապահ առաքելություն իրականացնելու, ինչը նրան հաջողվել էր Աբխազիայում: 1994-ի սեպտեմբերին ԱՊՀ մանդատով ռուսական խաղաղապահները մտան վրաց-աբխազական հակամարտության գոտի: Նույնը Մոսկվան փորձում էր անել Լեռնային Ղարաբաղում, որտեղ մայիսին կարողացել էր անժամկետ զինադադարի համաձայնագիր կնքել երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի հետ:
1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերով, ինչպես նաեւ 1997-ից ի վեր հակամարտության կողմերին ներկայացված կարգավորման առաջարկներով՝ Փաթեթային, Փուլային, Ընդհանուր պետություն, Քի Վեսթ, Մադրիդյան եւ նրա ածանցյալ Կազան, ենթադրվում էր խաղաղապահների մուտք տարածաշրջան։
Բուդապեշտի գագաթնաժողովում, ի հեճուկս Ռուսաստանի, ընդունվեց ԼՂ հակամարտության գոտի միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու առաջարկը։ Ի կատարումն այդ գագաթնաժողովի որոշումների՝ ստեղծվեց ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խումբը (OSCE High Planning Group), որը մշակեց եւ կողմերին ներկայացրեց խաղաղապահության չորս առաջարկներ։ Դրանք, սակայն, ինչպես կարգավորման համապարփակ առաջարկները, չեն ընդունվել մինչեւ այսօր կողմերից մեկի, մյուսի կամ երրորդի մերժման պատճառով։
1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու իրական ցանկություն հայտնել է միայն երկու պետություն՝ Ռուսաստանը եւ Թուրքիան։ Ադրբեջանը կտրականապես դեմ է եղել ռուսական (Ադրբեջանում Խորհրդային Միությունից մնացած ռուսական ռազմական ներկայությունը վերացել է 1993-ին), իսկ Հայաստանը՝ թուրքական խաղաղապահությանը։
Վիճելի խնդիրներից է եղել նաեւ դիտորդների եւ խաղաղապահների տեղակայման վայրի հարցը։ Երեւանը կողմ է եղել դիտորդների եւ խաղաղապահների ներկայությանը, եթե նրանք տեղակայվեն Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով։ Բաքուն, հակառակը, դեմ է եղել, որ Ադրբեջան-Արցախ շփման գիծը վերածվի սահմանի, եւ դրա երկայնքով տեղակայվեն միջազգային ուժեր։ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակը, եթե անգամ դրանք լինեն ռուսական ուժեր, եղել է պետական սահմանի երկայնքով խաղաղապահների տեղակայումը։
Հակամարտության կողմերի եւ ԵԱՀԿ քննարկումներում խաղաղապահության թեման եղել է ամենազգայուններից: Նշվել է, որ խաղաղապահ առաքելության մեջ չեն կարող լինել Մինսկի եռանախագահությունը ներկայացնող կենտրոնները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ տարածաշրջանի ծանրքաշային պետությունները՝ Թուրքիան ու Իրանը:
Ավելի շատ խոսվել է համեմատաբար չեզոք, եվրոպական երկրների խաղաղապահության նպատակահարմարության մասին՝ Շվեյցարիա, Ավստրիա, Շվեդիա, Ֆինլանդիա:
Իրականում, սակայն, Ռուսաստանից եւ Թուրքիայից բացի այլ պետություն, չհաշված հայտարարությունները, շահագրգռվածություն չեն դրսեւորել Կովկաս դիտորդներ եւ խաղաղապահներ ուղարկելու հարցում։
Այսօր իրավիճակը շատ չի փոխվել։ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան կոշտ հայտարարություններ են անում, վերջինս խոսում է անգամ Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորության մասին։ Իրականում, սակայն, դրանք լոկ խոսքեր են։ Մասնավոր զրույցներում ամերիկացիներն ու եվրոպացիները ընդունում են, որ Հայաստանը չպետք է հույսեր ունենա եւ պետք է լեզու գտնի ռուսների ու թուրքերի հետ։
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։