Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարող է ավարտվել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Արեւմուտքը ճնշում գործադրի Մոսկվայի վրա։ Այս մասին BBC-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Սա չի նշանակում, որ բոլոր տարածքները պետք է ետ գրավվեն մարտերի միջոցով, ես կարծում եմ, որ դրան կարելի է հասնել դիվանագիտական ճանապարհով», — ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ մարտադաշտում ստեղծված իրավիճակը կարող է Ուկրաինայի համար ավելի ամուր բանակցային դիրք ապահովել։
«Կարծում եմ, որ եթե մենք գործենք համաձայնեցված եւ հետեւենք խաղաղության գագաթնաժողովի ձեւաչափին, կարող ենք վերջ տալ պատերազմի թեժ փուլին։ Մենք կարող ենք փորձել դրան հասնել մինչեւ այս տարվա վերջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Մեծ Բրիտանիայից, Զելենսկու խոսքերով, Կիեւը ցանկանում է առանց հեռահարության սահմանափակումների ռուսական տարածքը հարվածելու համար արեւմտյան զենք օգտագործելու թույլտվություն ստանալ։
«Մենք պարզապես ցանկանում ենք հարվածել հենց այն կետին, որտեղից նրանք կրակում են մեզ վրա»,- ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ։ Միեւնույն ժամանակ նա նաեւ պարզաբանել է, որ եթե նորից նախագահ դառնա Դոնալդ Թրամփը, ապա նրա հետ համագործակցությունը դժվար աշխատանք կլինի։
Նշենք, որ շաբաթվա սկզբին, երբ Թրամփը փոխնախագահի թեկնածու է առաջադրել Օհայո նահանգի 39-ամյա սենատոր Ջ.Դ.Վենսին, ով դեմ էր Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնությանը։ Սա մեծացրել է այն մտավախությունը, որ եթե Թրամփը իշխանության գա, ապա Վաշինգտոնը կկրճատի Կիեւին տրամադրվող աջակցությունը։
Զելենսկին այժմ Լոնդոնում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։ Հինգշաբթի օրը Զելենսկին հանդիպել էր Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։
Վարչապետ Սթարմերը նախկինում խոստացել էր Ուկրաինային աջակցել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, եւ հայտարարել էր Կիեւին երեք միլիարդ ֆունտ ստեռլինգի (չորս միլիարդ դոլար) տարեկան օգնության մասին: