Ռուսաստան-Արեւմուտք խորացող հակասությունները հատկապես 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետ, ակնհայտ է դարձրել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորված միջազգային կարգը փլուզման եզրին է։ Աշխարահաքաղաքական սուր պայքարը Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում բռնության աճի եւ հումանիտար աղետի պատճառ է դարձել: Ստեղծված իրավիճակում պայթունավտանգ են դառնում Չինաստան-Թայվան, Իսրայել-Լիբանան, Իսրայել-Իրան եւ անգամ Թուրքիա-Սիրիա հարաբերությունները՝ սպառնալով լայնամասշտաբ հակամարտության մեջ ներքաշել ոչ միայն տարածաշրջանները, այլեւ ողջ աշխարհը։
Աշխարհաքաղաքական այս խճողված համապատկերում կարծես թե դրական հեռանակար է խոստանում հայ-ադրբեջանական կարգավորումը։ Ճիշտ է, հարաբերությունների կարգավորման համար կողմերից պահանջվող զիջումները չեն կարող միանշանակ դրական երագներով ընկալվել երկու երկրների հասարակությունների ներսում, սակայն ակնհայտ է, որ խաղաղությունը խոստումնալից է թե՛ անվտանգության, ե՛ւ թե տնտեսական առումներով։
Խաղաղություն, որի հաստատման սկզբունքների շուրջ կողմերից յուրաքանչյուրն ունի սեփական պատկերացումը, եւ որի անկյունաքարը դնողն ու նախաձեռնողը, անկախ շատերին դրա դուրեկան լինելուց կամ չլինելուց, Արեւմուտքն է՝ հանձին ԱՄՆ-ի։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու դրանում Վաշինգտոնի ներգրավածությանն է նվիրված Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Կարո Փայլանի՝ «Carnegie Endowment for International Peace»-ի համար գրված հոդվածը, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ։
Մերձավոր Արեւելքից մինչեւ Եվրոպայի սահմաններ, պատերազմներն ու գերտերությունների մրցակցությունները տապալել են տասնամյակներ շարունակվող աշխարհակարգը: Ուկրաինան, Սուդանը եւ Գազայի հատվածը պայքարում են բռնության, սովի եւ մահվան սարսափելի աղետների դեմ, սակայն աշխարհի մի փոքր անկյունում կա աշխարհաքաղաքական ցնցումների այս միտմանը դիմակայելու եւ տասնամյակներ տեւած հակամարտությունը լուծելու բացառիկ հնարավորություն։
Հարավային Կովկասը լեռնային շրջան է Արեւելյան Եվրոպայի ծայրամասում, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե քառասուն տարի ներգրավված են պարբերաբար բորբոքվող արյունալի հակամարտության մեջ: Շարունակվող ռազմական բախումները տասնյակ հազարավոր մարդկանց կյանք են խլել, հարյուր հազարավորների փախստական դարձրել:
Կովկասը, որը պատմականորեն գրեթե ամբողջությամբ հայտնվել է Ռուսաստանի ազդեցության տակ, այժմ կարծես շահեկան դիրքում է, հաշվի առնելով Ռուսաստանի զբաղվածությունը Ուկրաինայում։ Երկու պատմական մրցակիցները վերջին շրջանում անաղմուկ երկկողմանի բանակցություններ սկսեցին՝ հակամարտությանը վերջ դնելու նպատակով: Խաղաղության հաստատման բազմաթիվ անհաջող փորձերից հետո, թվում է, թե իրական զինադադարի հնարավորություն կա։
Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է օգտագործի առաջիկա մի քանի ամիսները բանակցություններին իր աջակցությունն ակտիվացնելու հարցում: Անհրաժեշտ է բեկում մտցնել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից առաջ, հաշվի առնելով այն փաստը, որ այս միջոցառման միջոցով Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել միջազգային իր հեղինակությունը: Սա ոչ միայն դիվանագիտական հաղթանակ կլինի ԱՄՆ-ի նախագահի համար, այլեւ հնարավորություն կստեղծի ՆԱՏՕ-ի բարդ դաշնակցի՝ Թուրքիայի հետ կապերն ամրապնդելու: Նման գործարքը կփոխի աշխարհաքաղաքական իրադրությունը։
Անողոք մրցակցություն
Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը սկսվում է Խորհրդային Միության փլուզումից, երբ երկու նախկին հանրապետությունների միջեւ արյունալի պատերազմները հանգեցրին վայրագությունների եւ զանգվածային տեղահանությունների: 1990-ականներին հայերը վերահսկողություն հաստատեցին Ադրբեջանի որոշ շրջանների վրա, սակայն հաջորդած 10-ամյակներին ուժերի հավասարակշռությունը փոխվեց: 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքուն վերադարձրեց իր նախկին տարածքի մեծ մասը: Նախորդ տարի Ադրբեջանը գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար անկլավի դեմ՝ ստիպելով ավելի քան 100 հազար հայերի լքել իրենց հինավուրց հայրենիքը։
Չնայած ողբերգական մարդկային կորուստներին, կողմերը վերսկսեցին բանակցությունները եւ նախանշեցին խաղաղության համաձայնագրի ուրվագծերը։ Համապարփակ պայմանագիրը պահանջելու է սահմանների սահմանագծում, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում եւ այդ տարածքներով տարանցման իրավունքի երաշխիքների ստեղծում: Որպես առաջին քայլ՝ Հայաստանը, չնայած աճող ներքին ընդդիմությանը, այս տարվա մայիս ամսին Ադրբեջանին վերադարձրեց չորս լքված սահմանամերձ գյուղ:
Երեւանի համար խաղաղությունը ոչ միայն դիվանագիտություն է, այլեւ գոյաբանական խնդիր։ 3 միլիոնանոց փոքր ժողովուրդը սեղմված է Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ, իսկ նրա ավանդական բարերարի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում: Այն պահից, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին ներխուժեց Ուկրաինա, Երեւանն Արեւմուտքի հետ մերձեցման ճանապարհն ընտրեց՝ հարուցելով Մոսկվայի զայրույթը։ Այն վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը եւ սառեցրել կապերը Ռուսաստանի կողմից վերահսկվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ:
Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, համարվում է անաթեմա (բանադրանք, նզովք, խմբ.) Ռուսաստանի նախընտրած կառավարման մոդելի համար։ Ե՛վ 2020*, ե՛ւ 2023 թվականների պատերազմների ժամանակ ռուս խաղաղապահները տարածաշրջանում մի կողմ են քաշվել այն պահին, երբ ադրբեջանական տանկերն ու անօդաչու թռչող սարքերը սպանում էին հայ զինվորականներին: Կրեմլը գրեթե անկասկած կողջունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հերթական պատերազմը, ինչը Երեւանում կարող է հանգեցնել իշխանության տապալման:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանը ձգձգում է բանակցությունները, եւ սա մասամբ այն պատճառով, որ երկրի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ ժամանակն ու աշխարհաքաղաքականությունը իր կողմից են։ Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր Բաքուն դարձել է Եվրոպայի կարեւոր էներգամատակարարը՝ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանելով Մոսկվայի հետ։ Նավթային հսկայական գումարների տիրապետող Ադրբեջանը ռազմական դաշինքներ է կառուցել Թուրքիայի եւ Իսրայելի հետ։
Աշխարհաքաղաքական այսպիսի հաջողությունը գոտեպնդել է Ալիեւին, որն իր հարեւանի հանդեպ օգտագործում է առավելապաշտական նարատիվներ՝ ընդհուպ մինչեւ Հայաստանի որոշ հատվածներ «Արեւմտյան Ադրբեջան» անվանելով: Ավելին, վերջին շրջանում նա պահանջում է Հայաստանից փոխել իր մայր օրենքը` Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած հիշատակում վերացնելու ակնկալիքով։
Ալիեւն այժմ ծանրութեթեւ է անում, թե ինչ կշահի կամ կկորցնի խաղաղության պայմանագիր կնքելով։ Առկա են Հայաստանի դեմ հնարավոր նոր ագրեսիա իրականացնելու բազմաթիվ նախանշնաններ, որոնցից մեկն էլ 2024-ի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն են: Վաշինգտոնը պետք է նախազգուշացնի Ալիեւին հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին` ընդգծելով, որ նա իր երկրի համար կարեւոր ժառանգություն եւ տնտեսական օգուտներ կստեղծի, եթե հիմա ստորագրի համաձայնագիրը:
Արեւմուտքի ազդեցությունը
Արեւմտյան դիվանագիտությունը կարող է օգնել վերացնել այս խոչընդոտները եւ առաջ մղել խաղաղության բանակցությունները մի քանի ճանապարհով։
Բանակցությունների խոչընդոտներից մեկը Հայաստանի տարածքով ցամաքային կամուրջ ստեղծելու ադրբեջանական պահանջն է, որը պետք է Ադրբեջանին առանց խոչնդոտների կապի իր էքսկլավային Նախիջեւանի հետ, (արդյունքում նաեւ Թուրքիայի հետ): Հայաստանը համաձայնել է բացել առեւտրային ճանապարհները ողջ տարածաշրջանի համար` «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում: Զուգահեռաբար, Հայաստանն Ադրբեջանից պահանջում է ճանաչել իր ինքնիշխանությունը եւ առաջ շարժվել փոխադարձության սկզբունքով։ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի աջակցությունը տեխնոլոգիաների զարգացման ոլորտում կկարողանար նպաստել սահմանային վերահսկողության գործընթացի արագացմանը բեռնափոխադրումների տեսանկյունից, ինչը կարեւոր գործոն է ընթացող բանակցությունների համատեքստում։
Միացյալ Նահանգներն էլ պետք է հենվի Թուրքիայի հետ իր հարաբերությունների վրա՝ հույս ունենալով, որ ՆԱՏՕ-ի այս հաճախ անհանգիստ դաշնակիցը, այնուամենայնիվ, հակակշիռ կլինի Ռուսաստանին:
Թուրքիայի անհանգիստ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ով մտերիմ է Ալիեւի հետ, բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացելու թուրք-հայկական սահմանը, որը շուրջ մեկ դար փակ է։ Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանի ազդեցության հաշվին խաղաղությունը տնտեսական եւ քաղաքական օգուտներ կբերի իր երկրին։ Բայդենը պետք է խաղա Էրդողանի վճռականության վրա, Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում՝ խնդրելով, որ նա օգտագործի Ալիեւի վրա ունեցած իր ազդեցությունը՝ գործարքը վերջնական տեսքի բերելու համար։
Սա հաղթանակ կլինի բոլոր ներգրավված կողմերի համար. Էրդողանը կկատարի համաշխարհային խաղաղարարի այդքան բաղձալի դերը, Բայդենը կօգնի, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն արդեն երկար ձգձգվող համաձայնությանը, իսկ Երեւանն ու Բաքուն վերջապես կկարողանան օգտվել խաղաղության տնտեսական եւ անվտանգային դիվիդենտներից։ Բացի այդ, Թուրքիայի աջակցությունը կուժեղացնի ցանկացած գործարք եւ կհակազդի այն մեղադրանքներին, թե` խաղաղությունը պարտադրված էր դրսից:
«Բացառիկ հնարավորություն այս սերնդի համար»
Որպես Թուրքիայում բնակվող հայ՝ ես գիտեմ, որ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունները վտանգավոր են եղել իմ ժողովրդի համար: Որպեսզի վերջ տրվի հատուցումների ցիկլին եւ մեծ տերությունների բախումներին, որոնք մշտապես առկա են Հարավկովկասյան տարածաշրջանում, Հայաստանին ու Ադրբեջանին անհրաժեշտ է հաստատել տնտեսական փոխկախվածություն եւ ամուր խաղաղություն՝ ստեղծելով տարածաշրջանային ճարտարապետություն, որն ուղղված կլինի դեպի Թուրքիա եւ Եվրոպա։ Սա ոչ միայն կամրապնդի հայկական ժողովրդավարության ճկունությունը Ռուսաստանի կողմից աջակցվող ինքնակալության ձգողականության դեմ, այլեւ կվերամիավորի երկար ժամանակ անտեսված այս տարածաշրջանը համաշխարհային տնտեսության մեջ, որը կարող է ճանապարհ հարթել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը խոսեց «Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծովով առեւտրային ճանապարհ կառուցելու հնարավորությունների մասին, որը կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն լինի»։ Նա իրավացի է։ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան մոտ չեն եղել այդ նպատակին հասնելու հարցում։ Նրանք կարող են ստեղծել տարածաշրջանային նոր իրավիճակ, դառնալով Եվրոպայից դեպի Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներ ձգվող նոր մետաքսի ճանապարհի հիմնաքար, ուստի Միացիալ Նահանգները պարտավոր է աջակցել այս համաձայնագիրը վերջնագծին հասցնելու գործընթացին։
* Հեղինակը կարծես սխալվում է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չեն եղել։ Նրանք տեղակայվել են պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո։
Պատրաստեց Բորիս Ղազարյանը