ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները հայտարարել է, որ «գործարքը (խաղաղության պայմանագիրը) հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ եւ ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում եւ տարաձայնությունների հարթեցում»։
Ակամա հարց է առաջանում, թե այդ ի՞նչ ծանր փոխզիջումների մասին է ակնարկում ԱՄՆ Պետդեպը եւ էլ ի՞նչ զիջելու բան կա որ Հայաստանն՝ ի դեմս Փաշինյանի, չի զիջել։
Սա արձանագրենք որպես մի գործընթաց։
Սրան զուգահեռ, իշխանությունը ակտիվացրել է նախկին «չարքերի» մասնավորապես Քոչարյանի «թշնամու» եւ «ժողովրդի իշխանություն» գողացողի օպերացիան։ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ հիմնավորելով, որ «երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործը ուներ բացառիկ կարեւորություն»։
Նկատենք, որ օրերս վաղեմության ժամկետի ավարտման հիմքով ու Փաշինյանի համաներմամբ պատժի կրումից խուսափեցին նախկին ոստիկանապետն ու նրա տեղակալը՝ Վովա Գասպարյանն ու Լեւոն Երանոսյանը։ Բայց, չգիտես ինչու, այդ գործը քննած դատավորը նույն հիմքով եւ նույն պատժի չարժանացավ։
2018 թվականից ի վեր բազմաթիվ գործեր են եղել, որոնք կարճվել են վաղեմության ժամկետի հիմքով, բայց կրկին անարձագանք։ Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Շատ պարզ՝ շոուի համար Քոչարյանի գործն էր պետք։
ՀՀ գլխավոր հեծանվապետը 2018-ից ի վեր լավագույնս է խաղարկում «խեղճ ու անզոր իշխանության» իր ամպլուան, հասարակության որոշակի խմբերի համոզելով, թե իր իշխանությունը այնքան թույլ ու անզոր է, որ չի կարողանում դատական համակարգի «հախից գալ»։ Բայց օրինակ կարողանում է ՊՆ նախկին նախարար, 44-օրյայի քավության նոխազ Դավիթ Տոնոյանին երեք տարի պահել բանտում՝ հետաձգելով գործի քննության մեկնարկը։
2021-ից ի վեր արդեն որերորդ անգամ Քոչարյանի քաղաքական դիակը բերվում է ասպարեզ, կրկին նախկինների վախով լցնելով քաղաքական կյանքի վակուումը։
Իսկ վակուում կա մի քանի պատճառով։ Բագրատ հեղափոխականի անհաջող վարդանանց արշավանքից հետո Փաշինյանն էլ ավելի ինքնավստահ է իրեն զգում, սակայն փակուղում են խաղաղության բանակցությունները։ Ալիեւը նորանոր պահանջներ է առաջ բերում, պահանջներ որոնք անիրագործելի են ի բնե։
Միաժամանակ Ալիեւը սպասում է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքին՝ փորձելով կախնագուշակել խաղի նոր կանոններն ու իր հնարավորությունների սահմանը։
Զուգահետ, Հայաստանը քիչ-քիչ զինվում է՝ վերադառնալով հին ու բարի հոխորտանքին։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մասնավորապես, հայտարարում է. «Չեմ կարծում, թե Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք է»։
Նկատենք մեկ-երկու ամիս հետո այն օրից, երբ Փաշինյանը Կիրանցի գյուղացիներին վախեցնում էր ադրբեջանա-թուրքական հարձակումով, ասում, որ եթե զիջումեր չլինեն, երկու ճակատով պատերազմ կլինի ու համոզում էր, որ Հայաստանը թույլ ու անզոր է առանց արտաքին աջակցության, հիմա պարզվում է, որ մեզ հետ ուժի լեզվով չեն կարող խոսել։
Ինչեւէ, սրան էլ գումարվում է ՀՀ գերագույն գլխավոր հեծանվապետի տիկտոկյան ռիլզերը։ Փաշինյանը փորձում է անհոգության, հանգստության ու ինքնավստահության տպավորություն վաճառել իր կողմակիցներին, ինչպես դասականն էր երգում՝ «կարծես թե ոչինչ չի եղել, կարծես թե ամեն ինչ, կարգին է»։
Հեծանիվն, իհարկե խաղաղության փակուղու, քաղաքական կյանքի դատարկությունը սպառողական ու քվազիհասարակական ակտիվությամբ ծածկելու ալեգորիա է։ Մանավանդ որ այդ ալեգորիան կեղծ է հենց հիմքից, երբ Երեւանը ներկայացվում է հեծանվային հարմար քաղաք, սակայն այդ քվազիվազքերը արվում են առավոտ կանուխ, թիկնազորի ուղեկցությամբ ու կիսափակ փողոցներով։
Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ Հայաստանն ու հայաստանցին ապրում են զուգահեռ մի քանի իրականություններում՝ անորակ հանրային ծառայություներ՝ ջրի ու հոսանքի անկանոն անջատումներով, գյուղմթերքի արտահանման խնդիրներ, խաղաղության բանակցությունների փակուղի, պատերազմի ամենօրյա վտանգ, գերիներ, օկուպացված տարածքներ, սահմանադրության փոփոխության կեղծ օրակարգ եւ, ի պատասխան՝ անհոգության փառատոն-ֆեստիվառներ, հեծանվավազքեր, կիսամարաթոններ։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։