ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դուրս է գալիս նախընտրական պայքարից։ Այս մասին ասվում է այսօր՝ հուլիսի 21-ին նրա X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։
«Իմ կյանքի մեծագույն պատիվն է ծառայել որպես ձեր նախագահ։ Չնայած ծրագրել էի վերընտրվել, կարծում եմ, որ իմ կուսակցության եւ երկրի շահերից լավագույնս կլինի, եթե հրաժարվեմ ընտրություններից եւ կենտրոնանամ իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի վրա»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Որոշման մասին նա խոստացել է ավելի մանրամասն ներկայացնել ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։
Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ քաղաքական գործիչներ կոչ էին արել Բայդենին հեռանալ ընտրապայքարից։ Վերջին ամիսներին ընտրողների շրջանում իրականցրած հարցումները ցույց էին տվել, որ քաղաքացիների մեծամասնության համար 81-ամյա նախագահը չափազանց ծեր է եւս չորս տարի պաշտոնավարելու համար, իսկ հունիսին հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հետ կայացած բանավեճը հաստատեց նրանց մտավախությունները:
Այսօր կատարած մեկ այլ գրառման մեջ էլ Բայդենն առաջարկել է փոխնախագահ Քամալա Հարիսին դիտարկել որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
«2020 թվականին որպես կուսակցության թեկնածու իմ առաջին որոշումն էր՝ ընտրել Կամալա Հարիսին որպես իմ փոխնախագահ: Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն էր։ Այսօր ես ցանկանում եմ լիովին աջակցել եւ սատարել Քամալային որպես մեր կուսակցության այս տարվա թեկնածուի»,-ասվում է գրառման մեջ։