Ուկրաինայի նախագահ Զելենսկին շուտով ստիպված կլինի տարածքային փոխզիջման գնալ Մոսկվայի հետ՝ հանուն խաղաղության, հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իտալական Corriere del la Sera թերթին տված հարցազրույցի ընթացքում։
«Առաջիկա ամիսները Զելենսկու համար շատ դժվար են լինելու։ Արդյո՞ք նա պետք է շարունակի պատերազմը բավականին շատ մահացություններով եւ ավերածություններով, թե՞ պետք է մտածի Պուտինի հետ տարածքային փոխզիջման մասին: Եթե այո, ապա ի՞նչ ճնշում կարող է լինել Ամերիկայից, եթե [ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ] Թրամփը հաղթի։ Իսկ ինչպե՞ս կարող ենք երկրին բացատրել, որ պետք է զիջել մեր տարածքների մի մասը, որը արժեցել է մեր հազարավոր հերոս զինվորների կյանքը»,-ասել է Կլիչկոն։
Նրա խոսքերով գնալով բարդացող իրավիճակում, երբ պատերազմի հաղթնակաը ուղիղ կախված է դաշնակիցների ռազմական մատակարարումներից, հետագա պայքարը գնալով ավելի դժվար է դառնում, ինչը ըստ Կլիչկոյի, կարող է նախագահ Վլադիմիր Զելենսկուն ստիպել մտածել հանրաքվեի միջոցով փոխզիջումների մասին։
«Եկեք անկեղծ լինենք. մենք պետք է հաղթենք պատերազմում, բայց իրավիճակը գնալով բարդանում է, դա կախված է դաշնակիցների օգնությունից, եւ մղձավանջ կլինի, եթե մենք ստիպված լինենք պայքարել եւս երկու տարի: Զելենսկին, հնարավոր է, ստիպված լինի դիմել հանրաքվեի, չեմ կարծում, որ նա ինքնուրույն, առանց ժողովրդական լեգիտիմության, կկարողանա հասնել նման ցավոտ եւ կարեւոր պայմանավորվածությունների»,-ասել է Կիեւի քաղաքապետը եւ հավելել, որ «ինչպիսի քայլ էլ կատարի, մեր նախագահը քաղաքական ինքնասպանության վտանգի տակ է հայտնվում»։
Կլիչկոյի կարծիքով՝ Զելենսկու ունեցած տարբերակներից մեկը կարող է լինել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելի օրինակով ազգային համաձայնության կառավարության ստեղծումը։ «Սակայն ես վստահ չեմ, որ նա պատրաստ է հրաժարվել իր ձեռքում կենտրոնացված իշխանությունից»,-ասել է Կիեւի քաղաքապետը։
Հարցին, թե ի՞նչ է կարծում Խաղաղության երկրորդ գագաթնաժողովը մինչեւ նոյեմբեր Ռուսաստանի մասնակցությամբ կազմակերպելու Զելենսկու առաջարկի մասին Կլիչկոն նշել է․ «Տեսնենք, չգիտեմ։ Ռուսները միանշանակ չեն եւ անհնար է վստահել։ Պուտինը խոսում է խաղաղության ուղիների մասին, բայց միշտ դավաճանում է իր խոստումներին։ Պուտինը դեռ հույս ունի վերցնել Կիեւը»,-ասել է Կիեւի քաղաքապետը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ հստակ ոչինչ չի կարող տեղի ունենալ։