ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցապայքարից Ջո Բայդենի դուրս գալը ռուսական օրակարգի առաջնահերթ թեմա չէ, սակայն Կրեմլը հետեւել է զարգացումներին եւ չի զարմացել Սպիտակ տան ներկայիս ղեկավարի որոշումից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով Կրեմլին չեն զարմացնում նաեւ ԱՄՆ-ում վերջին տարիներին կատարվող գործընթացները։
«Խոսքն ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի մասին է։ Ու ամենայն ըմբռնումով, քանի որ մենք խոսում ենք աշխարհի ամենամեծ երկրներից մեկում նախընտրական քարոզարշավի մասին, դա մեր ներքին գործը չէ, սա չի կարող մեր օրակարգի առաջնահերթ թեմա լինել։ Եվ, իհարկե, մենք չենք կարող գնահատել ԱՄՆ գործող նախագահի եւ նախագահի թեկնածուի որոշումները»,-ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակը միեւնույն ժամանակ հավելել է, որ Կրեմլը ուշադիր հետեւում է ԱՄՆ-ում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես աշխարհի շատ այլ խոշոր երկրներում։
Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Քամալի Հարիսի նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու մասին տեղեկությունը Պեսկովը նշել է․ «Ներկա պահին մենք չենք կարող ինչ-որ կերպ գնահատել տիկին Հարիսի պոտենցիալ թեկնածությունը մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, քանի որ մինչ այժմ մեր երկկողմ հարաբերություններում նրա ունեցած ներդրումը չի աննշան է եղել»։