ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ նշելով, որ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները եւ նպաստել ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:
Ըստ լրատվականի որոշումը կայացվել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում եւ հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ուղղված է Հայաստանում եւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանմանը։ Այն նաեւ նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, արագացնել զինված ուժերի փոխգործունակությունը հետագայում երկրի կողմից միջազգային, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից կազմակերպված ռազմական առաքելություններին ու գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում։
Ըստ որոշման՝ աջակցությունը թույլ կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:
ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում անվտանգությունը կարեւոր տարր է որակել։ Բարձր ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն փոխադարձ շահագրգռվածություն ունի ավելի ընդլայնելու իր երկխոսությունը արտաքին եւ անվտանգության քաղաքականության վերաբերյալ՝ նաեւ դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին եւ գործողություններին։
ԵՄ խորհրդի տարածած մամլո հաղորդագրությունում էլ նշվում է, որ «ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունը ընդլայնելուն՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա եւ էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության եւ համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաեւ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»։