Իսրայելի պաշտպանության բանակը կարող է ժամանակավորապես դուրս գալ Գազայի հատվածից՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատման վերաբերյալ գործարքի առաջին փուլը շարունակելու համար։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով պաշտպանության գերատեսչության բարձրաստիճան աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրները թերթի հետ զրույցում կարծիք են հայտնել, որ եթե Իսրայելի պաշտպանության բանակը 42 օրով ամբողջությամբ դուրս բերվի Գազայից, ապա Իսրայելը անվտանգության առումով կորուստներ չի ունենա: Նման գործընթացը, աղբյուրների խոսքերով, կօգնի ազատել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 18-ից մինչեւ 33 պատանդի։
Սպասվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջիկա օրերին գործարքի կնքման հավանականությունը կքննարկի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Վաշինգտոն կատարած իր եռօրյա այցի ընթացքում: Գազայի հատվածում հակամարտության կարգավորման հարցերի շուրջ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջեւ միջնորդական գործունեություն իրականացնում են Եգիպտոսի, Քատարի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Գազայի հատվածում խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի պայմանները, որը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլով նախատեսվում է վեց շաբաթով կրակի ամբողջական դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում բնակելի գոտիներից, ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատ արձակում՝ իսրայելական բանտերում պահվող հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Այդ ընթացքում կողմերը պետք է կարգավորման շուրջ բանակցություններ վարեն, իսկ հրադադարը կարող է երկարաձգվել այնքան ժամանակ մինչեւ կողմերը հասնեն վերջնական կարգավորման։ Երկրորդ փուլը ներառում է բոլոր պատանդների, այդ թվում՝ զինվորականների ազատ արձակումը։ Երրորդ փուլը Գազայի հատվածի վերականգնումն է եւ մահացած իսրայելցիների աճյունների փոխանցումը հարազատներին։