Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (KIIS) կազմակերպած հարցումները, ուոնք անցկացվել են 2024 թվականի մայիսի 16-22-ին եւ հունիսի 20-25-ին, ցույց են տվել, որ քաղաքացիների մեծամասնությունը (55%) համաձայն չէ Ռուսաստանին տարածքային զիջումներ կատարելու հաշվին պատերազմը դադարեցնելու հետ։
Այն ուկրաինացիների մասնաբաժինը, ովքեր կողմ են տարածքային զիջումների հաշվին արագ խաղաղության հասնելուն եւ անկախությունը պահպանելուն, 2024 թվականի մայիսին կազմել է 32%, սակայն, ըստ հարցման տվյալների, այդ թիվը զգալիորեն աճել է 2023 թվականի մայիսից հետո։
Այսպիսով, 2023 թվականի վերջին Ռուսաստանին զիջումների կողմնակից ուկրաինացիների թիվը կազմում էր 19%, 2024 թվականի փետրվարին՝ 26%, իսկ արդեն 2024 թվականի մայիսին՝ 32%։
Միեւնույն ժամանակ, զիջումների կողմնակիցների շրջանում շուրջ 73%-ը ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական սահմանափակում, միջպետական սահմանների փակում, մուտքի արտոնագրեր եւ մաքսային հսկողություն ներդրում։ Ռուսաստանին զիջումների դեմ հանդիսացող քաղաքացիների շրջանում էլ նույն հարցի շուրջ համանման կարծիք հայտնողների թիվը հասնում է 79%-ի։
Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի գործադիր տնօրեն Անտոն Գրուշեցկին, մեկնաբանելով հարցման արդյունքները, կարեւոր է համարում, որ հնարավոր զիջումների համատեքստում ուկրաինացիները դեմ են «ցանկացած պայմաններով խաղաղությանը»։
«Չնայած ուկրաինացիների տեսակետներում երկիմաստություն կա (ինչը բավականին նորմալ է դեմոկրատական հասարակությունների համար), դա այնքան էլ ապշեցուցիչ չէ, որքան նրանք փորձում են դա ներկայացնել, եւ հարցման արդյունքները ցույց են տալիս ուկրաինացիների ճկունությունը հնարավոր երկխոսության շրջանակներում»,-Գրուշեցկու խոսքերն է մեջբերում «Украинская правда» թերթը: