ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը այսօր Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի եւ մասունքների ոչ պատշաճ պահման փաստի առնչությամբ ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից:
Նա իր բացթողումն է համարել, որ որոշակի տեղափոխություններից հետո կրկին անձամբ չի այցելել եւ համոզվել դիակների պատշաճ պահպանման պայմանների հարցում:
«Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն եւ մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ»,- ասել է նախարարի ժպ-ն:
Նա ընդգծել է, որ Դատաբժշկական կենտրոնը այսօր դարձյալ տեղեկատվություն կհրապարակի դիակների եւ մասունքների փորձաքննությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ:
«Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը եւ մասունքները արդեն իսկ փորձաքննված են, եւ տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը:
ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը՝ ըստ որոնց կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, երեկ հայտարարել է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին:
Լրատվամիջոցներում ու սոցցանցերում լուսանկարներ են հայտնվել Աբովյանի դիահերձարանից, որոնցում երեւում են զոհված զինծառայողների աճյուններով լցված սպիտակ պարկեր։
Գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում, եւ դիակների պահման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:
«Դատաբժշկական կենտրոնն ամեն ինչ արել է, որ հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի նույնականացման աշխատանքները, ինչպես նաեւ մշտապես կապի մեջ է եղել զոհվածների ծնողների ու հարազատների հետ: Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը՝ գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի եւ մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար»,- հայտնել է ՀՀ ԱՆ-ն։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ երեկ անհայտ կորածների հարազատները շուրջ 1 ժամ փակել էին Երեւանի Հերացու փողոցը։ Նրանք պնդում են, որ իրենց երեխաների մարմինները մինչեւ այժմ պահել են մրգի սառնարաններում, ու պարզվում է՝ տարբեր դիահերձարաննոերում 200-ից ավել դի եւ 400-ից ավելի աճյուն կա։ Այսինքն` Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում ավելի քիչ մարմին է հայտնաբերվել, իսկ դիահերձարաններ ավելի մեծ թվով դիեր են մուտք արվել։ Հարազատները պահանջում են հանձնաժողով ստեղծել, իրենց հետ շրջել դիահերձարաններով եւ տեսնել` քանի դիակ կա։
Անհայտ կորածների հարազատները փողոցը բացել են ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ համաձայնության գալուց հետո։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց` հայտնելով, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված եւ նույնականացված մասունքներն ու դիակները ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, սակայն հարազատները ցանկացել են, որ այլ վայր տեղափոխվեն:
Նախարարությունն ընդգծել է, որ թեեւ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, եւ դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել են ընդառաջել ծնողների ցանկությանն ու մասունքները տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:
ՀՀ առողջապահության նախարարությունը շեշտել է, որ մասունքները նույնականացված են եւ պետք է հանձնվեն հարազատներին` հուղարկավորելու համար։
Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում անհայտ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհայտ կորած։