Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին երեկոյան Կրեմլում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
Հանդիպման բաց հատվածում Պուտինը նշել է, որ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Սիրիայում, այժմ վատթարանում է։
«Ինձ շատ է հետաքրքրում ձեր կարծիքը, թե ինչպես է զարգանում իրավիճակը ընդհանուր առմամբ տարածաշրջանում։ Ցավոք, այն ավելի վատթարանալու միտում ունի: Սա ուղղակիորեն վերաբերում է նաեւ Սիրիային»,-նշել է Պուտինը։
Սիրիայի նախագահ էլ իր խոսքում ասել է, որ անցնող տասը տարիներին Ռուսաստանն ու Սիրաիան բավականին բարդ փորձությունների հետ են բախվել, որոնք երկրների ներսում հանգեցրել են բարդ «տրանսֆորմացիոն գործընթացների»։
«Հաշվի առնելով այն բոլոր իրադարձությունները, որոնք այսօր կատարվում են ամբողջ աշխարհում եւ Եվրասիական տարածաշրջանում, մեր այսօրվա հանդիպումը շատ կարեւոր է թվում այս իրադարձությունների զարգացման բոլոր մանրամասները քննարկելու, հնարավոր հեռանկարներն ու սցենարները քննարկելու համար»,-ավելացրել է Բաշար ալ-Ասադը։