Ուկրաինայի հետ բանակցություններում կոնկրետ արդյունքներ չկան, հայտնի չէ, թե որքանով են իրատեսական Կիեւից եկող ազդակները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Известия»-ի հարցին, թե արդյո՞ք Կիեւի որեւէ քաղաքական ուժից Մոսկվան ստացել է հստակ ազդանշաններ, որոնք ցույց կտային փոխզիջումների գնալու պատրաստակամությունը։
«Բանակցությունների համար դեռ կոնկրետ նյութ չկա։ Անհասկանալի ազդանշաններ կան, բայց մենք չգիտենք, թե որքանով են դրանք իրատեսական։ Կիեւի ռեժիմի համար արգելք կա մեզ հետ բանակցություններ վարելու համար։ Որեւէ հստակություն դեռեւս չկա»,-ասել է Պեսկովը։
Հուլիսի 24-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գուանչժոուում իր չինացի գործընկեր Վան Յիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության Կիեւի պատրաստակամության մասին: Նույն օրը Պեսկովը հայտարարել էր, որ Կուլեբայի նման հայտարարությունը «համահունչ» է Մոսկվայի բանակցությունների շուրջ ունեցած տեսլականի հետ։