Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի բացումից ընդամենը ժամեր առաջ ֆրանսիական SNCF երկաթուղային ընկերությունը հայտնել է, որ երկրի տարբեր շրջաններում վանդալիզմի են ենթարկվել երկրի երկաթուղիներն ու կայարանները: Մասնավորապես, հաղորդվել է հրկիզման մասին։
Ընկերությունը վստահություն է հայտնել, որ հարձակումների նպատակը երկրում արագընթաց հաղորդակցությունները կաթվածահար անելն է։
Վնաս է հասցվել Փարիզից արեւմուտք, արեւելք եւ հյուսիս ուղղություններով ընթացող երկաթուղուն։
Մոնպառնաս կայարանում, որտեղից գնացքները մեկնում են Ֆրանսիայի արեւմուտք, ուրբաթ առավոտյան հսկայական հերթեր են գոյացել։ Զգալի թվով գնացքների չվացուցակներ չեղարկվել են։ Ըստ SNCF-ի ներկայացուցիչների, ծառայության ընդհատումների պատճառով ներկայումս տուժում է շուրջ 800 հազար ուղեւոր։
Լարված իրավիճակը կշարունակվի առնվազն մինչեւ երկուշաբթի օրը, մինչ վերականգնողական աշխատանքների ավարտը, նշում է SNCF-ը։
Չվացուցակներում չեղարկումների կամ հետաձգումների մասին հայտնում է նաեւ Eurostar-ը՝ Փարիզի եւ եվրոպական մի շարք երկրների միջեւ միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունը։
Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Պատրիս Վերգրիտը հայտարարել է, որ հարձակվողների գործողությունները իշխանությունների կողմից համարվում են քրեական հանցագործություն։
Սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան միջազգային խոշոր սպորտային իրադարձությանն ընդառաջ երկաթուղային ցանցի վրա կատարված զանգվածային հարձակումները որակել է «սարսափելի»: Նրա խոսքով, դա անխուսափելիորեն կանդրադառնա երկրպագուների եւ, հնարավոր է, հենց մարզիկների գրաֆիկի վրա:
Սպասվում է, որ ուրբաթ օրը Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Փարիզի կենտրոնում կհավաքվի ավելի քան 300 հազար հանդիսատես։
Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հարձակումների վերաբերյալ։ Իրավապահ մարմիններում AFP-ի աղբյուրը հաստատել է, որ երկաթուղային համակարգի վրա հարձակումների նպատակներից մեկը դիվերսիան է։
Նշվում է, որ Ֆրանսիայի իշխանությունները մտահոգություն ունեն, որ հարձակվողների գործողությունները հստակորեն համակարգված է եղել։ Սա խոսում է հարձակումների մանրակրկիտ պլանավորման եւ չարագործների լայն ցանցի առկայության մասին: