Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ուրբաթ օրը Եվրամիությունը Ուկրաինային կփոխանցի Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված առաջին 1,5 միլիարդ եվրոն։
X-ի էջում գրել է ֆոն դեր Լեյենը , որ միջոցները կուղղվեն «Ուկրաինայի պաշտպանությանն ու վերականգնմանը»։
«Կրեմլի փողերն օգտագործելու լավագույն խորհրդանիշը Ուկրաինան եւ Եվրոպան ավելի անվտանգ դարձնելն է»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ավելի վաղ արեւմտյան երկրները հաստատել էին Ուկրաինայի ֆինանսավորման համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման սխեման. Կիեւը 50 միլիարդ դոլարի վարկ կստանա, իսկ դրա տոկոսները կվճարվեն «Մեծ յոթնյակի» եւ ԵՄ երկրներում արգելափակված Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցներից ստացված շահույթից։
Այդ միջոցները չեն օգտագործվելու արդեն իսկ կատարված ծախսերը փոխհատուցելու համար, ինչպես սովորաբար լինում է Ուկրաինայի աջակցության հիմնադրամի դեպքում, այլ դրանք կուղղվեն զենքի գնումներին։