Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է վիճարկել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման որոշում տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Քիր Սթարմերի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
«Ինչ վերաբերում է [դատարանին] բողոքարկելուն, ապա սա նախորդ կառավարության առաջարկն է եղել, որը [դատարանին] չէր ներկայացվել մինչ [հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայում խորհրդարանական] ընտրությունները։ Ես կարող եմ հաստատել, որ [ներկա] կառավարությունը չի հետեւի այս գծին՝ մեր երկարամյա այն դիրքորոշման համապատասխան, որ դա հարց է, որը պետք է որոշի դատարանը»,-ասել է վարչապետի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանի դատախազ Կարիմ Խանը մայիսին հայտարարել էր, որ դիմել է դատարանին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի եւ նրա պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության որոշման խնդրանքով՝ Գազայում իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների համար:
Զուգահեռաբար Խանը ռազմական հանցագործությունների մեղադրանքով դիմել էր նաեւ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում Յահյա Սինվարի եւ նրա ռազմական թեւի հրամանատար Մուհամմադ Դեյֆի ձերբակալության որոշման համար:
Վարչապետ Սթարմերի ներկայացուցիչը նաեւ հավելել էր․ «Կառավարությունը շատ խիստ է վերաբերվում օրենքի գերակայությանը միջազգային եւ ներքաղաքական մակարդակում, եւ իշխանությունների տարանջատմանը, եւ ես կնշեմ, որ դատարաններն արդեն ստացել են մի շարք փաստարկներ երկու կողմերից, եւ նրանք բավականին լավ են կիրառում իրենց որոշումը կայացնելու փաստարկները»:
Նշենք, որ նախորդ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Գազայի հարավային Խան Յոինիսի հարակից շրջաններում իրականացրած հրթիռային հարվածների ժամանակ սպանվել է Մուհամմադ Դեյֆը։ ՀԱՄԱՍ-ը հերքել նրա մահվան մասին տեղեկությունները։