Շիրակի մարզի Հայկավան գյուղում Ուսուցման կանաչ կենտրոնը «Berry Festival 2024» հատապտուղների փառատոն էր կազմակերպել:
Տոնն ուղեկցվել է բնական եւ ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, շիրակցիներին բնորոշ ջերմ ընդունելությամբ եւ հյուրասիրությամբ, ինչպես նաեւ համերգային ծրագրով:
Միջոցառումը հանդիպման հարթակ էր դարձել ֆերմերների, արտադրողների, վերամշակողների եւ գնորդների համար: Արդեն կայացած եւ հնարավոր ներդրողները կիսվել են գաղափարներով եւ նորարարական փորձով:
Որպեսզի Հայաստանում գյուղատնտեսությունը կայուն զարգանա, գյուղական համայնքներում հատապտուղների մշակությունը տեղայնացվի, Ուսուցման կանաչ կենտրոնին աջակցության ձեռք են մեկնել տեղի եւ արտասահմանի բազմաթիվ կառույցներ: Գործընկերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն է, աջակիցները՝ Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալությունը, Գերմանիայի Տնտեսական Համագործակցության եւ Զարգացման Դաշնային Նախարարությունը (BMZ), Հայկական Կարիտասը եւ այլ կազմակերպություններ։
«ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսին ասում է՝ նման ծրագրեր նախաձեռնելիս սկզբում չգիտեն ինչ արդյունքներ կունենան. «Այսօր երախտիքի խոսքով եմ հանդես գալու, քանի որ ծրագիրը հաջողված է: Կազմակերպիչները կարողացան ո՛չ միայն կրթել հողօգտագործողին, այլեւ պատրաստել նրանց փառատոններին՝ ըստ նպատակի եւ պարշաճ ներկայանալու համար»:
«Կանաչ Արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը հիշում է, երբ հատապտուղ մշակելու ծրագրով Շիրակի մարզ են եկել, շատ քչերն են հավատացել, որ Շիրակում այդ մշակաբույսը կաճի, ծրագիրը կհաջողվի: Հայկավանում հատապտղի այգի են հիմնել, օրինակ ցույց տվել:
Այսօր արդեն ո՛չ միայն տեսնում, այլեւ համտեսում են Հայաստանի հյուսիսի քաղցրահամ մոշը, մորին, հապալասը: «Երբ Արարատյան դաշտում վերջանում է հատապտուղը, հասունանում է Շիրակինը: Այդ ժամանակ մթերքն ավելի թանկ է լինում շուկայում, ինչի շնորհիվ մարզում հատապտուղ աճեցնելը շահավետ է դառնում»,- ասում է Նունե Սարուխանյանը:
Գեւորգ Պետրոսյանը Կանաչ արահետ ՀԿ-ի կազմակերպիչ թիմի անդամ է: Ըստ նրա՝ տարիներ շարունակ նույն մշակաբույսն աճեցնող գյուղացուն դժվար է տարհամոզել, որ այլ ուղղություն ընտրի, բայց այսօր առաջին քայլն արված է, հատապտուղների աճեցման ճյուղը Շիրակի մարզում զարգանում է:
«Սա բարձրարժեք գյուղատնտեսություն է, որի շնորհիվ գյուղի աշխատավորը նույն ծավալի աշխատանք կանի, բայց ավելի մեծ եկամուտ կունենա»:
Տաղավարներում Հայաստանի մարզերի փոքր ու միջին արտադրողները մեկը մյուսից ավելի լավ ներկայանալու եւ հյուրերին զարմացնելու գործում անզիջում էին:
Տավուշի մարզի Հովք գյուղից Տաթևիկ Արզումանյանն իր աճեցրած ընկույզը, թարմ մորին, մուրաբան, տնական գաթան հյուրասիրում, նաեւ վաճառում է: Ասում է՝ օրը դեռ չի կիսվել, բայց արդեն զգալի եկամուտ ունի: Հաջորդ անգամ ավելի մեծ տեսականիով է գալու:
Արմինե Արշակյանը Գյումրիից է եկել: 44-օրյա պատերազմում զոհված որդու հիշատակի առաջ խոստացել էր, որ չի կոտրվելու, աշխատելու եւ արարելու է: Փոքրիկ արտադրություն է հիմնել տան պայմաններում:
«Համով բարիք» մակնշմամբ՝ առանց շաքարի եւ արհեստական հավելումների չրեր է պատրաստում, փաթեթավորում, վաճառում: Տիկին Արմինեն ասում է՝ հույս ունի փառատոնի շնորհիվ համագործակցության ճանապարհ կբացվի, արտադրամաս կունենա:
Հայկական Կարիտասը Գյումրիում եւ Արտաշատում գործող երեք ծրագրերով էր ներկայացել տոնավաճառին: Մասնակից երեխաների ձեռքով պատրաստած քաղցրավենիքի տեսականի էին ներկայացրել, կից տաղավարում էլ թղթի թափոն էին վերամշակում, ցանկացողների համար էլ՝ վարպետության դաս անում:
«Որպեսզի թափոնն աղբ չդառնա, մենք էլ գունավոր թղթեր գնելու վրա գումար չծախսենք, թափոնը խյուսի վերածում, նոր թուղթ ենք ստանում»,-ասում են երեխաները: Նոր կյանք ստացած թղթերը վերածվում են բացիկների, էջանշանների եւ թղթե գունեղ այլ իրերի:
Փառատոնի կազմակերպիչները խոստացել են, որ նորարար գաղափարների եւ տեսանելի արդյունքների պաշարով հաջորդ հանդիպումը շիրակցիների հետ չի ուշանալու:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։