Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է նախկինում Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսպես, նա մեկնաբանել է Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակումից հետո Լիբանանի եւ Իսրայելի միջեւ իրավիճակի վատթարացումը։
«Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա Պաղեստինին հետ անել այն սարսափելի բաները, որ անում է։ Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող էինք անել նրանց հետ»,- ասել է Էրդողանը Ռիզե քաղաքում իր կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ «ոչ մի պատճառ չկա», որը թույլ կտա Անկարային դա չանել, սակայն չի հստակեցրել, թե ինչ միջամտության մասին է խոսքը Իսրայելի դեպքում։
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն էլ պատասխան հայտարարության մեջ նշել է, որ Էրդողանը, Իսրայելի վրա հարձակվելու սպառնալիքներով, «գնում է Սադամ Հուսեյնի հետքերով»: «Պարզապես թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ եւ ինչպես ավարտվեց այդ ամենը»,-X-ի էջում գրել է Կացը։
Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։
«Ինչպես ավարտվեց Հիտլերի ցեղասպանությունը, այնպես էլ կավարտվի Նեթանյահուի ցեղասպանությունը։ Ինչպես պատասխանատվության ենթարկվեցին նացիստները, այնպես էլ պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր փորձեցին ոչնչացնել պաղեստինցիներին»,-ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության X-ի գրառման մեջ։
Նշենք, որ շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս ավանի ֆուտբոլի դաշտի վրա հրթիռի ընկնելու հետեւանքով զոհվել է 12 երեխա եւ դեռահաս։ Եվս մի քանի վիրավորներ շարունակում են մնալ ծանր վիճակում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածը հասցվել է Լիբանանի տարածքից, իրանական հրթիռով, եւ որ հարձակման հետեւում կանգնած է «Հեզբոլլահ» շարժումը:
«Հեզբոլլահը» հերքում է իր առնչությունը հարձակման հետ, սակայն հայտնել է, որ հարվածներ է հասցրել Մաջդալ Շամսի մոտ գտնվող ռազմաբազային:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին վերադառնալով ԱՄՆ-ից իր կաբինետի արտակարգ նիստ է գումարել։ Նիստից հետո կաբինետի անդամները վարչապետին եւ պաշտպանության նախարարին լիազորել են «որոշում կայացնել «Հեզբոլլահի» դեմ պատասխան գործողությունների ընթացակարգը եւ ժամանակը»։