Նախօրեին Իրանի գերագույն հոգեւրո առաջնորդ եւ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին որպես երկրի նոր նախագահ։ Խամենեիի հաստատումը նշանակում է, որ Փեզեշքիանին պաշտոնավարումն արդեն սկսվել է, թեեւ երդմնակալության ընթացակարգը նախատեսված հուլիսի 30-ին։
Կիրակի օրը Թեհրանում տեղի ունեցած արարողության ժամանակ Ալի Խամենեին բարձրաստիճան զինվորականների, քաղաքական գործիչների եւ օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ հայտարարել է, որ Փեզեշքիանի կառավարությունը արտաքին քաղաքականության մեջ պետք է առաջնահերթություն տա «այն պետություններին, որոնք այս տարիների ընթացքում աջակցել են Իրանին՝ թե՛ ՄԱԿ-ի ներսում, թե՛ դրանից դուրս՝ գործադրված ճնշումների պայմաններում»։ Այդ երկրների շարքում Խամենեին նշել է Իրանի հարեւաններին, ինչպես նաեւ Աֆրիկայի եւ Ասիայի պետություններին։
«Ես չեմ խոսում եվրոպական երկրների մասին՝ որպես մեր քաղաքականության առաջնահերթություն՝ պատժամիջոցների եւ նավթի հարցերում նրանց վատ պահվածքի պատճառով: Նրանք առաջնահերթություն կդառնան, եթե փոխեն իրենց դիրքորոշումը»,-հայտարարել է Իրանի Գերագույն հոգեւրո առաջնորդը։
Մասուդ Փեզեշքիանը պատասխան ելույթում հայտարարել է Իրանում բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց միեւնույն ժամանակ ընդգծել, որ կձգտի «իրականացնել Գերագույն առաջնորդի ընդհանուր քաղաքականությունը»։