Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հայտնելով, որ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջին է իր ձեւաչափով, իր ելույթում նշել է․
«Կիպրոսի հետ մենք վայելում ենք գերազանց հարաբերություններ եւ կարող ենք առանց կասկածի արձանագրել, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում արդեն հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Արտասովոր է համագործակցության դինամիկան եւ միմյանց դիրքորոշումների խորը ըմբռնումը։ Իմ գործընկեր նախարար Կոմբոսի հետ մենք պայմանավորվել ենք լրացուցիչ խթանել համագործակցությունը, եւ Հայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում։ Կարծում եմ, որ դա նոր հնարավորություններ կտա շարունակել համադրել ջանքերը եւ ընդլայնել համագործակցության շրջանակները»:
Միրզոյանը շուրջ 50 երկրներից հրավիրված դեսպաններին եւ Կիպրոսի ԱԳՆ կազմին հաջորդիվ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ժողովրդավարական բարեփոխումները, միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Նա նաեւ անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին, որոնք կրում են նաեւ տարածաշրջանային բնույթ։
ՀՀ ԱԳ նախարարը նաեւ խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացման ուղղությամբ գործադրվող ջանքերի եւ դրա կնքման կարեւորության մասին։
Ըստ ՀՀ արտգործնախարարության «հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին, վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին ու հեռանկարներին»: