Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խարկովի մարզի Վոլչանսկ քաղաքի շրջան։
«Խարկովի ուղղություն։ Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի առաջապահ հրամանատարական կետ։ Վոլչանսկի շրջան»,- գրել է նա տելեգրամյան ալիքում եւ հայտնել, որ ժամանել է հատուկ գործողությունների ուժերի զինվորականներին շնորհավորելու մասնագիտական օրվա կապակցությամբ։
«Շնորհակալ ենք ձեր խիզախության, ձեր հերոսական գործողությունների համար թե՛ թշնամու թիկունքում, թե՛ մեր քաղաքների ու գյուղերի պաշտպանության ու օկուպացիայի ժամանակ»,-գրել է Զելենսկին։
Նշենք, որ այժմ Վոլչանսկի ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում Ուկրաինայի զինված ուժերի եւ ռուսական բանակի միջեւ։
Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին ուկրաինական կողմը հաղորդել էր, որ Խարկովի հյուսիսային արվարձաններում եւ Վոլչանսկ քաղաքի շրջանում հաջողվել է ռուսական բանակից նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Զուգահեռաբար հաղորդվում էին Վոլչանսկ քաղաքի ներսում ընթացող ծանր մարտերի մասին։