Լիբանանյան «Հեզբոլլահի» կողմից Գոլանի բարձունքների Մաջդ ալ-Շամս բնակավայրի հրթիռակոծությանը, որի հետեւանքով զոհվել է 12 երեխա, Իսրայելը կոշտ պատասխան կտա։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս բնակավայր կատարած այցի ժամանակ։
«Իսրայել պետությունը չի կարող դա անպատասխան թողնել: Մեր պատասխանը կհետեւի եւ կլինի կոշտ», — ասաց նա: Վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։
Հուլիսի 28-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը Նեթանյահուին եւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտին լիազորեց Մաջդ ալ-Շամսի վրա հարձակումից հետո որոշում կայացնել պատասխան միջոցների շուրջ։
Նույն օրը ավելի վաղ բանակի մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ Գլխավոր շտաբի պետը սկսել է պատասխան գործողությունների «օպերատիվ պլանների մշակումը»։
Նշենք, որ հուլիսի 27-ի երեկոյան իսրայելական բանակը հայտնել է Լիբանանի շիայական «Հեզբոլլահի» կողմից երկրի հյուսիսի հերթական զանգվածային գնդակոծության մասին։ Իսրայելական կողմի պնդմամբ արձակած հրթիռներից մեկը հարվածել է Մաջդ ալ-Շամսի ֆուտբոլի դաշտին, ինչի հետեւանքով զոհվել է 12 երեխա, եւ վիրավորվել 40-ը։