Արվեստագիտության թեկնածու, Գրիգոր Նարեկացուն նվիրված եւ բազմաթիվ այլ աշխատությունների հեղինակ Արուսյակ Թամրազյանը «Ալիք մեդիա»-ին տված հարցազրույցում խոսում է դժվարին ու ծանր այս օրերին Գրիգոր Նարեկացուն անդրադառնալու անհրաժեշտության եւ նարեկացիագիտության մերօրյա հարցերի մասին:
Կարծում եմ՝ Նարեկացու հանդեպ հետաքրքրությունը միշտ եղել է առանձնահատուկ, ժողովրդի համար այն մի մասն է դարձել իր մրմունջների, սփոփանքների: Կոստան Զարյանը Հայաստանի պատկերի մեջ դրվագում է ծեր կնոջ, որ շարժվում է գյուղից գյուղ ու բարեւում ցեխի մեջ կորած մարդուն, գոմեշին եւ «մռմռում ու ծամծմում թոշնած շուրթերով Նարեկից ծամված միավանկ խոսքեր»: Նարեկացին ինչ-որ կերպ ձուլվել է հայոց լեզվին եւ աղոթքին, ճյուղավորվել նրան նվիրված ավանդապատումների, այսպես կոչված նարեկաբուժության, ժողովրդական սնահավատություններում նրա որոշ աղոթքներն առանձնահատուկ ուժով օժտելու դրսեւորումներում: Յուրաքանչյուր ժամանակ, յուրաքանչյուր անհատ ունի մերձեցման իր բանաձեւը։
Այս օրերում Նարեկացու հանդեպ հետաքրքրությունը հավանաբար պայմանավորված է նախեւառաջ գիտակցությամբ, որ Գրիգոր Նարեկացին ապրումների ու լեզվի, ստեղծագործական լիցքերի բացառիկ ընդգրկումներով հեղինակ է: Գրիգոր Նարեկացին միստիկ բանաստեղծ է, որի ստեղծագործությունը, որքան էլ այն Նարեկյան դպրոցի եւ առհասարակ միջնադարյան վանական միջավայրի բնորոշ արգասիք լինի, դրոշմված է հոգեւոր անհատական փորձառության եւ այդ փորձառության բացառիկ ուժգնության ու խորության, պատկերային հագեցվածության շնորհներով: Այս ասես ինքնագո եւ անկրկնելի լեզվատաճարը չի կարող խորապես չներազդել ժամանակներում, երբ հատկապես կարեւորվում է անհատական փորձառությունը:
Եվրոպացի ընթերցողի համար, անշուշտ, շատ կարեւոր է այն հանգամանքը, որ Հովհան Ոսկեբերանի, Ամբրոսիոսի, Գրիգոր Նազիանզացու եւ եկեղեցու այլ խոշորագույն հայրերի կողքին տիեզերական վարդապետ է հռչակվում արեւելյան եկեղեցու մի խորհրդազգած բանաստեղծ, որ հեղինակել է ստեղծագործություն, որն ինքը պատկերացրել է որպես աղոթքների աղոթք: Եվ այդ ստեղծագործությունը, ըստ «Մատյանի» բնաբանի, դեռեւս միջնադարում բացառիկ հեղինակություն է վայելել որպես բոլոր մարդկանց բնություններին համապատասխան, բոլորի կարիքների համար ստեղծված, բոլոր չբժշկվող վերքերի զորավոր սպեղանիներ պարունակող մի համապարփակ աղոթագիրք: «Մատյանից» զատ՝ Գրիգոր Նարեկացու տաղերը, որ այսպիսի բացարձակ հեղինակություն չեն վայելել, բոլորովին այլ աշխարհ են՝ որպես անկրկնելի նրբության, հոգեւոր զգայարանի զարմանալի խորության ու գեղեցկության տեսիլներ: Հայ միջնադարյան գրականությունն ու երաժշտությունն առհասարակ արեւելաքրիստոնեական մշակույթի մի մասն են: Այս տեսակետից գիտնականները հավանաբար դեռեւս անելիք ունեն բնագրերի թարգմանության, դրանց շուրջ օտարալեզու նոր ուսումնասիրությունների, համամշակութային համապատկերում ներկայացման տեսակետից՝ արդեն եղած ուսումնասիրությունների կողքին:
Ինձ համար մի փոքր դժվար է խոսել իմ աշխատանքի մասին: Բայց առհասարակ Նարեկացու առնչությամբ կարող եմ հետաքրքիր մի փաստ նշել. Նարեկացու անձի նվիրականությունը, առանձնահատուկ կարեւորությունը հայկական միջավայրում ես անձամբ զգացել եմ ինձ վրա: Անդրադարձել եմ մեկնողական ամենատարբեր բնագրերի, ներկայացրել տարբեր ուսումնասիրություններ, բայց որեւէ աշխատանքի հետ կապված այնքան չի շոշափվել իմ անունը, որքան Նարեկացուն առնչվողների դեպքում: Սա, իհարկե, կապված է նրա բացարձակ հեղինակության հետ: Այս պահին մասնավորապես աշխատում եմ Մատենադարանի, Վենետիկի, Վիեննայի, Երուսաղեմի, այլ մասնավոր ձեռագրական հավաքածուներում պահպանվող «մանրուսմունք» եւ «կցուրդարան» կոչվող բազմաքանակ երաժշտական ձեռագրերի ամբողջացման եւ ներկայացման վրա, որ մեր հարստագույն մշակույթի կորսված եւ ամենահարուստ շերտն է՝ իրենց բնագրերով, խազագրությամբ, բնագրերի եւ լուսանցազարդերի խորհրդաբանությամբ՝ որպես մեկ ամբողջություն:
Ես դիվանագետ չեմ, բայց ձեր հարցի պատասխանը, թերեւս, դեսպան Տիգրան Մկրտչյանի գործունեությունն է, որ հատկապես մեծ նվիրվածություն է ցուցաբերում Գրիգոր Նարեկացու հանդեպ, աշխատում կազմակերպել, շքեղ կերպով զարդարել ու ներկայացնել նրան առնչվող իրադարձությունները, ինչի վկայությունն է Գրիգոր Նարեկացու լիտվերեն թարգմանության վերահրատարակությունը՝ նրա մանրանկար դիմանկարներով, «Մատյանի» լիտվերեն ընթերցանությամբ: Չորս տարի առաջ նրա նախաձեռնությամբ կազմակերպվեց միջազգային գիտաժողով եւ համերգ՝ նվիրված Նարեկացու «Մատյանի» մեկ այլ՝ լատվիերեն թարգմանության հրատարակությանը Վալդա Սալմինայի հեղինակությամբ: Դժվարանում եմ աշխարհի մասին դատել այսօր. աշխարհում ամբողջ մշակութային շերտեր, առանձնահատկություններ ու բույրեր են ոչնչանում մեծ արագությամբ մեր աչքի առջեւ: Այս առումով աշխարհն ինքը, որ ասես փորձում է «հաղթահարել» իր մշակութային անցյալը, երեւի դեռ պետք է վերաիմաստավորի եւ նոր հարաբերություն հաստատի իր հետ: Եթե խոսում ենք դիվանագիտութան մասին՝ ինչ-որ բան փոխանցելու եւ ճիշտ ձեւով փոխանցելու ծրագրի մասին, ապա որեւէ բան առհասարակ փոխանցելու համար նախ պետք է դրա կրողը լինել կամ գտնել եւ օգտագործել մարդկանց, որոնք դրա կրողն են՝ ոչ որպես սրբազան ավանդույթ, այլ որպես ստեղծագործական հիշողություն, գիտելիք եւ այլն:
Հայտնի է՝ ինչպիսի վճռորոշ դեր խաղացին Ժան Պիեռ Մահեի՝ Նարեկացու երկերի ֆրանսերեն թարգմանությունը եւ ուսումնասիրությունը, Լեւոն Արք. Զեքիյանի ուսումնասիրությունը, որ նույնպես մասնակի թարգմանել է «Մատյանը» իտալերեն, նրանց կազմակերպած միջազգային երկու գիտաժողովները Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելու գործընթացում: Վերջին հանգամանքն էլ դրդեց, օրինակ, որ ամերիկյան խոշոր գիտական հրատարակչություններից մեկը հետաքրքրվի Նարեկացու տաղերի, գանձերի ու ներբողների՝ Աբրահամ Տերյանի անգլերեն թարգմանությամբ, իսկ այս երկերին ծանոթանալուց ու հրատարակելուց հետո նույն գիտնականին պատվիրի Նարեկացու մյուս կոթողի՝ «Մատյանի» անգլերեն թարգմանությունը: Սա մի փոխկապակցված շղթա է:
Ինձ համար եւ, իհարկե, շատերի համար Նարեկացու հայերենն իր լեզվահյուսվածքներով, երկիմաստ շարահյուսություններով, տաղերում՝ լեզվական մեղեդայնությամբ՝ կրկնակ-բառերով, հորինված զարդաբառերով ու նորաբանություններով, մնում է անթարգմանելի նույնիսկ գրաբարից աշխարհաբար: Եվ լավագույն թարգմանության մեջ անգամ կորցնում է իր մեծագույն գանձը, քանի որ Նարեկացին լեզվի եւ ռիթմի «կախարդ» է:
Գրիգոր Նարեկացին բանական տիեզերքին ընծայել է այնպիսի մի լեզվական տաճար, որի կենդանի տրոփյունը, հնչույթները կարող ես շոշափել միայն հին հայերենով: Բայց Գրիգոր Նարեկացին ինքը նշում է, որ իր աղոթքներով հարաժամ բարբառելու են ոչ միայն հրեշտակները, այլեւ բոլոր ազգերի մարդիկ:
Այսօր ես մեծ ուրախությամբ ուզում եմ առանձնացնել «Մատյանի»՝ Աբրահամ Տերյանի անգլերեն ուսումնասիրություն-թարգմանությունը, որ լույս կտեսնի այս տարի: Ինձ բախտ է վիճակվել մասամբ ծանոթանալու այս երկի անտիպ բնագրին եւ ուսումնասիրությանը: Այն իսկապես ոչ միայն մեծագույն նվաճում է նարեկացիագիտության մեջ, այլեւ մի ունիվերսալ գիտական գեղարվեստական թարգմանություն՝ մանրակրկիտ ծանոթագրումներով, բոլորովին նոր բացահայտումներով «Մատյանի» հյուսվածքի, նրա ժանրային բազմազանության եւ այլ խնդիրների վերաբերյալ, որի շնորհիվ այս երկն իր ողջ հարստությամբ հառնում է ոչ միայն օտար, այլեւ հայ ընթերցողի առջեւ: Այս աշխատանքը մի բացառիկ ընծա է հայագիտությանը: Միաժամանակ վստահ եմ՝ այն մեծ դեր է խաղալու Նարեկացու՝ համամշակութային տարածքում իր տեղը գրավելու մեջ:
Ձեր հարցին դժվար է պատասխանել: Որպեսզի հոգին դուրս գա իր վիճակից, նախ պետք է, որ այդ վիճակը հրահրած կամ առնվազն հիշեցնող անձինք, որ շարունակում են ուղեղ մաշեցնող աղմուկ տարածել, վերջապես ու վերջնականապես հեռանան, եւ լռություն հաստատվի, եւ դանդաղ փակվեն վերքերը: Պետք է փրկվեն եւ վերջապես վերադառնան մեր հայրենակիցները: Մենք տեսնում ենք ողբերգականորեն տգիտության ծանրագույն եւ ամենաճակատագրական հետեւանքները: Սրա վերջին հանգրվանը եւ խորհրդանիշն է այսօր ամենաբարձր օղակներից հակաբանական ու անվերջորեն իրարամերժ տեքստերի հոսքը՝ որեւէ կարգի ռացիոնալ հիմքի, ինքնաանդրադարձների իսպառ բացակայության, ֆեյսբուքային աֆորիստիկ «իմաստասիրության» իր ողջ պերճանքի եւ թշվառության մեջ:
Մարդու գոյությունը մարդկային հիշողությունն է, Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ յուրաքանչյուր անձ իրենով, իր քաղաքով, աշխարհներով, որ կրում է իր մեջ ու քայլում այս հողի վրա, փրկում է մի լուսակիր կենսական մասնիկ: Պատերազմի օրերին ես սարսափով նայում էի՝ որքան փխրուն է մարդկային հոգին, որքան փոքր սահման է բաժանում մարդուն հակամարդուց, այսօր մենք տեսնում ենք՝ որքան փխրուն է մարդու բանականությունն առհասարակ: Ապրելով Հայաստանում տարիներ շարունակ՝ իմ մեջ անընդհատ ակամա հնչում են բանաստեղծի նույն խոսքերը՝ живите в доме — и не рухнет дом (Арсений Тарковский): Չկա այլ բանաձեւ, կան գուցե շատ այլ բանաձեւեր՝ ծրագրեր ու հեռանկարներ, որ կարելի էր մշակել, բայց ես կարող եմ խոսել մարդկանց անունից, ովքեր չունեն այլ լծակներ՝ բացի իրենց գիտելիքից եւ հոգուց: Այստեղ խոսքը ֆիզիկապես ապրելու մասին չէ, այլ կենսականություն հաղորդելու տարածություններին քո գոյությամբ:
Միաժամանակ դա անասելիորեն դժվար է, քանի որ, իսկապես, երբեմն թվում է, նույնիսկ անհասկանալի մի բնազդով ամեն ինչ արվում է, որ մարդիկ, ովքեր կարող էին որեւէ բան անել Հայաստանում, չկարողանան դա անել, ուսուցիչը չհասնի իր աշակերտին, գիրքը չհասնի իր ընթերցողին, գիտությունն ամեն կերպ խլացվի աղմուկով, կրթությունը՝ կեղծ կրկնակով, ազատությունը, որը ոչնչացնել չես կարող, ամեն կերպ մասնատվի ու մանրացվի տարատեսակ միջնորդավորումներով ու հանգամանքներով, վերջապես մտածող ու զգացող մարդը մատնվի դանդաղ ու աստիճանական հիմնովին մեկուսացման: Եվ սա նույնիսկ հաճախ արվում է ոչ թե մտածված, այլ իներցիայի ուժով, որ իրերը հանկարծ չափից արագ չսկսեն շարժվել իրենց մեռյալ դիրքից:
Ապրելով այս ժամանակաշրջանում, այս երկրում՝ ես անվերջ լսում եմ՝ ինչպես է հաճախ միալար հնչում՝ չունենք մտավորականություն, գիտություն, արվեստ եւ այլն եւ այլն, իսկ մեր մեծերը եւ այլն, եւ այլն… Միշտ նույն զգացումն է համակում՝ եթե այս պահին հենց այստեղ նստած լիներ խոշորագույն մտավորականը, փրկիչը կամ «մեծերից» մեկը, արդյո՞ք կնկատվեր, եւ ավելի գործնական՝ արդյո՞ք մարդը կարող է ենթադրել, որ ինչ-որ մի շատ ավելի «փոքր», բայց շատ ավելի կարեւոր իրողություն եւ դրա հայտնվելու հնարավորությունն իսկ կարող են անհետանալ իր կողքին:
Երբ մարդն իր տեղում է եւ չի պահպանում այն, ինչ իրեն հանձնված է, կամ պահպանում է կեղծ պաթետիկ շեշտերով ու շղարշներով, այդ իրողությունը կորսվում է ողջ մարդկության համար: Այս պահին եւ այս օրերում ես դա եմ զգում:
Ես տեսել եմ իսկապես բացառիկ մարդկանց, ովքեր ավելին էին, քան օրենքներն իրենց շուրջը, ովքեր ապրում էին եւ իրենց գոյությամբ ջնջում իներցիայի օրենքները եւ ազատագրում, մաքրում տարածություններ՝ լեզվի, մաքուր ու մաքրագործվող հիշողության, ովքեր անում էին երբեմն թվում է անհնարինը եւ շարժում իրերն իրենց հակակենսական ու մեռյալ դիրքից: Բայց այդ իրերը նորից կարող են դառնալ իրենց նախնական դիրքին: Մենք չգիտենք, մեր հոգեւոր հայացքը չի կարող որսալ՝ Նարեկացին ինքը իր հախուռն լեզվով ու հոգեւոր լարումի ուժգնությամբ լեզվի, բանական տիեզերքի որքան տարածություններ է ազատագրել եւ ընծայել մեզ եւ դրանով որքանով է երկարացրել մի ամբողջ ժողովրդի գոյությունը:
Ինձ համար հայրենասիրությունը միշտ եղել է այն բառերից, որի ձեւակերպումը որպես այդպիսին հասկանալի չէ. հայրենիքը շատ ներքին մի բան է՝ վերածելու համար այն գաղափարախոսության, որ միշտ բռնություն է՝ առավել եւս ազգային գաղափարախոսության, իսկ որպես երեւույթ այն ինքնին արժեք չունի այնքանով, որքանով մարդկության խոշորագույն հանցագործները եղել են մեծագույն հայրենասերներ: Պատերազմի օրերին ես վերջապես կարողացա ինձ համար սահմանել՝ հայրենասիրությունը հավանաբար պատասխանատվությունն է մարդկանց համար, ովքեր հանձնված են քեզ, ապրում են քո երկրում: Գրիգոր Նարեկացին իր ողջ ստեղծագործությամբ պատասխանատվության մարմնացում է, գիտակցության այնպիսի խորության, լարումի ու կամքի արտահայտություն, որտեղ հասնում ես մարդկային գոյության հիմերի վերջին սահմաններին, եւ այդ սահմաններին քեզ վրա ես վերցնում պատասխանատվությունը ողջ մարդկության համար, ինչպես ինքն է գրում իր «Մատյանի» գլուխներից մեկում՝ բոլոր մեղքերը, սկսած Ադամից մինչեւ վերջին ժամանակների վերջին ծնունդը, այսինքն՝ նույնիսկ այն մարդկանց մեղքերը, որոնք դեռ չեն ծնվել: Երբ հասնում ես այդ սահմաններին ու ապրում գոյությունը որպես մեկ մարդ եւ միակ մարդ, բոլորի փոխարեն՝ միակ հսկող: Մարդուն, ով քրիստոնյա է ներքին առումով կամ ուղղակի ոգեղեն բնույթ ունի, Նարեկացին կարող է տալ հավանաբար քրիստոնեության բարձրագույն գաղափարը:
Ինչ կարող է տալ առհասարակ Նարեկացին այսօր՝ հավանաբար լեզու, խոսքի հաղորդություն, իսկ լեզուն կենսատարածք է: Մենք մեր ներսում հոգեւոր, մտավոր, լեզվի այնքան տարածություններ ենք նահանջել, այնքան տարածություններ եւ շարունակում ենք նահանջել՝ իհարկե, միաժամանակ անընդհատ դժվարագույն իրադրությունների զոհը լինելով, ինչպես այսօր: Մարդուն, որի հոգին մշակույթների մեջ է ապրում, գուցե կսփոփի այն, որ թեեւ Նարեկա վանքը ոչնչացված է, այնպես, ինչպես այսօր ոչնչացվում են հայկական մշակութային հուշարձանները, բայց հարահնչում է, ինչպես կանխագուշակել է ինքը՝ Նարեկացին, իր «Մատյանը», որը հնարավոր չէ ոչնչացնել: Լեզուն անվերջ փոխակերպվող ու զարգացող, ինքնաշերտավորվող, միաժամանակ որեւէ ժողովրդի ամենախորունկ հիշողությունների, հնչույթների արձագանքներն ու մեղեդիներն իր հետ բերող ու ամեն օր ակամա մեր շուրթերով արթնացնող տարերքն է, եւ այդ լեզուն կա եւ այդ լեզուն պետք է հառնի: Մենք պետք է պահպանենք ամեն գնով մեր շուրջը իրողությունները. հաղթահարենք այնքան աճող տգիտությունը, կյանքն այնքան նուրբ թաղանթ է. պետք է պահպանենք մարդկանց կամ նրանց հայտնվելու հնարավորությունը. գուցե դա հենց մենք ենք: Իսկ եթե մենք սոսկ մի միջանկյալ գոյություն եղանք կորսված անցյալի եւ նրա միջեւ, ինչ դեռեւս չկա, բայց մի օր վերջապես կարող է գալ, ապա պետք է պահպանենք կյանքի մասնիկը այն կյանքի համար՝ նրանց համար, ովքեր կգան եւ կլինեն վերջապես:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։