Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշումներն ավելի մեծ համագործակցության միայն երկու օրինակն են։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ Կիպրոսի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով ԵՄ հետ ՀՀ գործընկերության վերաբերյալ «Associated Press»-ի հարցին՝ Միրզոյանը նշել է․ «Մենք ներկայումս անցնում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների էական խորացման գործընթաց, ունենք գործընկերության նոր օրակարգ, մենք մտածում եւ աշխատում ենք նոր մեխանիզմների եւ գործիքների շուրջ, որոնք կարող են օգտագործվել»։
ՀՀ ԱԳ նախաչարը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը ունի եվրոպական ձգտումներ, եւ ԵՄ-ն ճանաչում է այդ ձգտումները, «ուստի հիմա մենք միասին մտածում եւ աշխատում ենք, ինչպես ասացի, նոր գործիքների, Հայաստանը ԵՄ-ին ու անդամ երկրներին եւ հակառակն ավելի մոտեցնելու նոր մեխանիզմների շուրջ»։
Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ ոչ միայն ԵՄ-ի, այլ նաեւ ԱՄՆ-ի հետ է Երեւանը համատեղ աշխատում այնպիսի ծրագրերի վրա, որոնց նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը երկրի համար դժվարին ժամանակներում:
«Այսպիսով, գործընթացները շարունակվում են, եւ հուսանք, որ մենք կտեսնենք նոր ու նոր ծրագրեր, համատեղ գործիքների գործարկում»,-եզրափակել է Միրզոյանը։