Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն հանդիպման ընթացքում Իրանի նախագահը ողջույնի ու շնորհակալական խոսքերից հետո կարեւորել է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։
«Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական եւ մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»,-նշել է Փեզեշքիանը:
Փաշինյանն էլ ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի եւ ըմբռնման վրա։
«Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի եւ ԻԻՀ-ի միջեւ ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- ասել է ՀՀ վարչապետը։
Բացի այս նշվում է նաեւ, որ Հայստանի կառավարության ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա սկզբունքները՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Փեզեշքիանն էլ իր հերթին կարեւորել է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ հետեւողական ջանքերը։
«Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը եւս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը»,-ասվում է մամուլի հաղորդագրության տեքստում։
Փաշինյանը նաեւ կարեւորել է իրանական կողմի ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործում։ Ընդգծվել է նաեւ Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարեւորությունը:
Քննարկման թեմաները ընդգրկել են անեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Ղեկավարները անդրադարձել են առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին: