Ուկրաինայում խաղաղության հաստատման քննարկումների առաջին փուլից հետո մոտենում է այն փուլը, երբ պետք է սկսվեն Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունները, Le Monde-ին տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
«Ակնհայտ է, որ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին կարծում էր, որ բանակցությունների առաջին փուլը պետք է տեղի ունենար առանց ագրեսորի։ Մենք հիմա հասել ենք այն կետին, երբ պետք է սկսել բանակցությունները»,-ասել է Ստուբը։ Նրա խոսքով, «իրականության սկզբունքն» այն է, որ եթե բանակցություններին ծրագրվում է ներգրավել Չինաստանին եւ գլոբալ հարավի երկրներին, ապա նման պարագայում պետք է ներգրավվի նաեւ Ռուսաստանը։
Ֆինլանդիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինան այժմ շատ ավելի ուժեղ դիրքերում է, քան երկու ամիս առաջ, քանի որ ստանում է սարքավորումներ եւ ֆինանսավորում։
«Ռուսական կողմը նույնպես բեկում չի կատարել։ Ռուսաստանը, մեր տվյալներով, առաջ չի շարժվում, եւ նրա կորուստներն ավելի մեծ են, քան նախկինում»,- հավելել է Ստաբը։
Նա միեւնույն ժամանակ նշել է, որ ուկրաինական տարածքներից ռուսական զորքերի դուրսբերումը, չի կարող դիտարկվել որպես բանակցություններ սկսելու նախապայման։
«Մեր տեսանկյունից խաղաղության ճանապարհը պարզ է՝ Ռուսաստանը պետք է հեռանա։ Բայց դուք չեք կարող այդ հեռանալը նախապայման համարել», — ասել է Սթուբը: Նրա կարծիքով, Չինաստանը կարող է շատ բան անել պատերազմը դադարեցնելու համար, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններում «այն ամուր դիրքերում է»։
Ռուսական իշխանությունների հնարավոր ծրագրերի մասին հարցին Ստուբը պատասխանել է, որ չի կարող ենթադրություններ անել։
«Ես հրաժարվել եմ հասկանալ, թե ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը, քանի որ շատ դեպքերում մեր կանխատեսումները սխալ են», — ասել է Ֆինլանդիայի նախագահը:
Նշենք, որ Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում տեղի ունեցավ խաղաղության առաջին գագաթնաժողովը, որը կազմակերպվել էր Ուկրաինայի նախաձեռնությամբ։ Դրա ընթացքում մասնակից երկրները քննարկել են «խաղաղության բանաձեւի» մի քանի հիմնական կետեր, որն ավելի վաղ առաջարկել էր Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։
Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 90 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չի եղել, ինչի պատճառով Չինաստանը նույնպես հրաժարվել է մասնակցել։ Գագաթնաժողովի արդյունքով կազմվել է կոմյունիկե, որը ստորագրել էին մասնակիցների մեծ մասը (բայց ոչ բոլոր երկրների ներկայացուցիչները, որոնք իրենց պատվիրակներին ուղարկել էին գագաթնաժողովին)։