Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է «Քաղաքը ջինսի վրա» ցուցադրությունը:
Գյումրին իր յուրօրինակ ճարտարապետությամբ, շենքերի արտացոլանքով արվեստագետ Կարեն Բարսեղյանի ձեռքով ջինսի վրա է տեղափոխվել: «Ալեքսանդրապոլ-Կումայրի-Լենինական-Գյումրի քաղաքի շենք-շինությունների ֆիզիկական եւ իմաստային դեֆորմացիան է ցուցադրված պատկերասրահի պատերին»,-ասում է ցուցադրության հեղինակ Կարեն Բարսեղյանը:
Ջինսը որպես ստեղծագործական նյութ Բարսեղյանին հետարքրքել է դեռ ուսանողական տարիներից: Նախ դրա վրա ակրիլով է նկարել, տպագրություններ արել, հետո սկսել է վերամշակել՝ ջինսե թղթերի վերածել:
Այսօր արվեստագետն արդեն ջինսը որպես ստեղծագործության հիմք զարգացրել, նոր կյանք է տվել: «Ջինսի հետ աշխատանքը թե՛ իմաստային, թե՛ նյութի որակի ու վերամշակման տեսանկյունից նոր փուլ է մտել»,-ասում է հեղինակը:
Ինչու ջինս. ինքնատիպ մտածելակերպով հայտնի արվեստագետն ասում է՝ ջինսը հասարակական շերտ չի ճանաչում, մարդկանց չի բաժանում հարուստ-աղքատի, այն կրում են հասարակության բոլոր անդամները: «Ջինսն ինձ համար սոցիալական հավասարության սիմվոլ է»:
Նա կարեւոր դիտարկում է անում. երբեք նոր, չհագած ջինսը նրա ձեռքում ստեղծագործության հումքի չի վերածվում: «Միայն տարբեր մարդկանց կրած ջինսերն են հետագայում դառնում արվեստի նյութ, քանի որ ամեն մարդ կրած հագուստի վրա թողնում է իր էներգիան ու պատմությունը»:
Որպեսզի «ջինսե քաղաքը» հանդիսատեսինը դառնա, Կարեն Բարսեղյանին օգնել է Գյումրիում գործող արվեստագետների աշխատանքների հարթակը՝ «Գալիք» արվեստի կենտրոնը, ցուցադրություն կազմակերպելու առաջարկն էլ Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնից է ստացել՝ քաղաքի օրվա առիթով:
Գալիք» արվեստի կենտրոնի համահիմնադիր, արվեստագետ Հրաչյա Վարդանյանը ջինսն աշխատող մարդու հագուստ է համարում, ասում է՝ թեեւ այն ամերիկյան մշակույթ է կրում, բայց Կարենին հաջողվել է հայկական երանգներ գտնել դրա մեջ:
«Ջինսը հետաքրքիր նյութ է, բնորոշում է այն մարդու տեսակը, ով նախընտրում է հարմարավետությունը, չի տրվում նորաձեւության տենդենցներին: Ջինսը նաեւ յուրահատուկ է դիմացկունությամբ, ինչի շնորհիվ մարդն այն երկար է կրում, կապվում է հետը, էներգիա է հաղորդում դրան»:
Կարենի ջինսե աշխատանքները բացի Հայաստանից ցուցադրվել են նաեւ Ավստրիայում, մեկ ամսից էլ Իտալիա են ուղեւորվելու. «Գալիք» արվեստի կենտրոնը Իտալիայում կայանալիք Գրքի փառատոնում ներկայացնելու է գյումրեցի արվեստագետի վերամշակած ջինսե գրքերը:
Ասլամազյան քույրերի պատկերասրահում «ջինսե Գյումրին» հասանելի կլինի մինչեւ օգոստոսի 5-ը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։