Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի էջում կատարած գրառման մեջ «կարեւոր» է որակել նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սեյդար Քըլըչի հանդիպումը։
«Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ հաղորդակցությունների վերաբացումը էական տարրեր են առավել կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի համար»,-ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին հայ-թուրքական պետական սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում կայացել էր երկրների հարաբերությունները կարգավորելու համար հատուկ բանագնացների հինգերորդ հանդիպումը։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները գրեթե նույն բովանդակությունը ունեցող հաղորդագրություններ տարածեցին հանդիպումից հետո։
Հաղորդագրություններում նշվում էր, որ բանակցություններն անցկացվել են սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում եւ ավելացվում, որ կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նաեւ Նշվում էր, որ բանագնացները «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաեւ փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»։