Արեւմտյան պետությունների աճող ազդեցությունը Հայաստանի լրատվական ռեսուրսների վրա, ինչպես ցանկացած այլ երկրի պարագայում, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
«Արեւմուտքի ազդեցության աճը Հայաստանի լրատվական ռեսուրսների վրա, ինչպես ցանկացած այլ երկիր, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանին Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրելու հանգամանքը։
Նաստասինի խոսքերով Միացյալ Նահանգները եւ Արեւմուտքը նպատակ են հետապնդում ամենուր հասարակական կարծիքը շրջել Ռուսաստանի դեմ։
«Նրանք ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության եւ այն օգնության կարեւորությունը, որը Մոսկվան ցուցաբերել եւ ցուցաբերում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներում։ Մենք եւ Երեւանը ունենք զանգվածային հաղորդակցությունների փոխգործակցության լավ ձեւավորված մեխանիզմներ։ Մասնավորապես, գործում է մասնագիտացված միջկառավարական համաձայնագիր, ակտիվ միջգերատեսչական երկխոսություն է պահպանվում, շփումները պահպանվում են լրագրողների միջոցով»,-ասել է Նաստասինը։
Դիվանագետը հիշեցրել է, որ 2023 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցություններ են անցկացվել արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության եւ լրատվամիջոցների հետ աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաեւ մեդիա ֆորում է անցկացվել Երեւանում։
«Հուսով ենք, որ ապագայում մենք կշարունակենք մեր գործընկերների հետ ի հայտ եկած խնդիրները լուծել զուտ պրոֆեսիոնալ կերպով»,-եզրափակել է Նաստասինը։