ԱՄՆ-ն առնչություն չունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մեջ։ Այս մասին CNA պորտալին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները «տեղյակ չի եղել եւ ներգրավված չէ» Հանիեի սպանության մեջ:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը Գազայի հատվածում կփոխի պատերազմի ընթացքը Բլինկենը նշել է․ «Շատ դժվար է ենթադրություններ անել, եւ ես տարիների ընթացքում սովորել եմ, որ երբեք չպետք է ենթադրել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մի իրադարձություն մյուսի վրա»:
Բլինկենը նշել է, որ կարեւոր է օգնել Գազայի հատվածում պաղեստինցիների տառապանքներին վերջ դնելու գործընթացին:
«Կենսական նշանակություն ունի պատանդներին տուն վերադարձնելը, որոնցից մի քանիսն ամերիկացիներ են։ [․․․] Կենսականորեն կարեւոր է հուսալ, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը` թույլ տալով հասնել ավելի կայուն խաղաղության եւ ավելի մեծ անվտանգության»,-նշել է Բլինկենը՝ ընդգծելով Գազայում ընթացող հակամարտությունը կանգնեցնելու կարեւորությունը։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդի սպանության մասին, ով Թեհրան էր ժամանել Իրանի նորընտրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, շարժումը հայտնել էր ժամեր առաջ։
«Եղբայր, առաջնորդ, մոջահեդ Իսմայիլ Հանիեն, շարժման առաջնորդը, սպանվել է Թեհրանում գտնվող իր շտաբի վրա սիոնիստների հարձակման հետեւանքով՝ Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո»,-ասվում էր ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության տեքստում։
Իսրայելական կողմը դեռեւս որեւէ հայտարարություն չի տարածել տեղի ունեցածի հետ իր առնչության մասին։