Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային ծառայության ներկայացուցիչները տասնամյակներ անց հայկական կողմին են փոխանցել «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ որոշման համար հիմք է հանդիսացել հայկական կողմի 2024 թվականի մարտի 1-ի դիմումը՝ «Զվարթնոց» օդային անցակետի նկատմամբ սահմանային հսկողությունն ամբողջությամբ (1992 թվականից ծառայությունն իրականացվում է համատեղ) ՀՀ սահմանապահ զորքերի իրավասությանը հանձնելու մասին։
Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը եւ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։
Պաշտոնական արարողությանը Երեւանում ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային տնօրինության եւ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը։
Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովն էլ ելույթի ժամանակ հիշեցրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում նախ խորհրդային, ապա ռուս եւ հայ սահմանապահները հսկել են 60 տարի։