2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների գլխավոր մեղադրյալ Խալիդ Շեյխ Մուհամմադը եւ նրա երկու հանցակիցները համաձայնության են եկել ԱՄՆ զինվորական դատախազների հետ, ինչի արդյունքում, ինչպես գրում է ամերիկյան մամուլը, նրանք կխուսափեն մահապատժից, իսկ ԱՄՆ արդարադատության համակարգը կխուսափի չափազանց խիստ դատավարությունից: Աայս մասին հայտնում է New York Times-ը։
Խալիդ Շեյխ Մոհամմեդը, Վալիդ Մուհամմադ Սալահ Մուբարաք բեն Աթաշը եւ Մուստաֆա Ահմեդ Ադամ ալ-Հավսաուին այս բոլոր տարիներն անցկացրել են Կուբայի տարածքում գտնվող ամերիկյան Գուանտանամո բազայի բանտում:
Գլխավոր մեղադրյալը՝ Խալիդ Շեյխ Մուհամեդը ձերբակալվել էր Պակիստանում դեռ 2003-ին, մինչդեռ տարբեր հոդվածներով մեղադրանքները առաջադրվել էին միայն 2008 թվականին։ Այդ մեղադրանքների շարքում էր նաեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին 2796 մարդու սպանությունը, երբ մահապարտ-ահաբեկիչների կողմից առեւանգված մարդատար ինքնաթիռներից երկուսը մխրճվել էին Նյու Յորքի Համաշխարհային Առեւտրի կենտրոնի շենքերի մեջ, մեկը հարվածել Պենտագոնի շենքին, իսկ մյուսը ընկել է Փենսիլվանիա նահանգի դաշտերի մեջ:
Պենտագոնը հայտարարել է համաձայնության մասին՝ չհստակեցնելով դրա պայմանները, սակայն New York Times-ին հայտնի է դարձել, որ մեղադրյալները համաձայնել են ընդունել իրենց մեղքը եւ մահապատժի փոխարեն ցմահ բանտարկվել։
Մեղադրյալների հետ գործարքի պայմանների մասին New York Times-ը տեղեկացել է ԱՄՆ գլխավոր ռազմական դատախազ, կոնտրադմիրալ Աարոն Ռուգից զոհվածների հարազատներին ուղարկված նամակից։
«Մահապատիժը հնարավոր պատիժների ցանկից հանելու դիմաց երեք ամբաստանյալները համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել բոլոր այն հանցագործությունների համար, որոնցով մեղադրվում էին, այդ թվում՝ 2976 մարդու սպանության համար»,-ասվում է նամակի տեքստում, որը մեջբերում է New York Times-ը։
Ռուգը զոհերի հարազատներին խոստովանում է, որ այս որոշումը հեշտորեն չի ընդունվել, սակայն դա, ինչպես նշում է դատախազը, արդարության հաղթանակին հասնելու լավագույն միջոցն է։
59-ամյա Խալիդ Շեյխ Մոհամմեդը ծնվել է Պակիստանում, բնակվել արաբական երկրներում, սովորել է ԱՄՆ-ում եւ Աֆղանստանում մասնակցել Խորհրդային բանակի դեմ պատերազմին։
Ամերիկյան հետաքննությունը պնդում է, որ հենց նա է դեռ 1996 թվականին «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին առաջարկել գրավված ինքնաթիռներով խոցել Նյու-Յորքի Համաշխարհային Առեւտրի կենտրոնի շենքեր։ Ավելին, նա այս խրագրի իրականացման համար անգամ ակտիվորեն մասնակցել է մահապարտներից մի քանիսի հավաքագրմանն ու վերապատրաստմանը։
Բացի այդ, Մուհամմադը համարվում է մի քանի այլ աղմկահարույց ահաբեկչությունների մասնակից: