Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի հետ սահմանը կարող է բացել Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացը շարունակվում է։ Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը դրա դրական արդյունքի դեպքում, եւ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Եթե այն ավարտվի, ապա մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել սահմանի մեր դարպասները»,- Sabah թերթի հետ զրույցում ասել է Ֆիդանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Թուրքիայի եւ Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը թվով 5-րդ հանդիպումն էին անցկացրել սահմանի Ալիջան-Մարգարա անցակետում։
Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարությունները նույնաբովանդակ հայտարարություններ էին տարածել, որտեղ նաեւ ընդգծվում էր, որ հատուկ բանագնացները «ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որեւէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»։
։