Ռուսամետների ու արեւմտամետների չընդհատվող հակամարտությանը կարելի էր եւ չանդրադառնալ, եթե այդ հակամարտության ընթացքում տպավորություն չստեղծվեր, թե Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունն արեւմտամետներ են, իսկ նրանց քննադատները, հետեւաբար, ռուսամետներ։
Փաշինյանը, ես այս մասին մի առիթով գրել եմ, չի ունեցել եւ չունի քաղաքական որեւէ կողմնորոշում։ Նա ելնում է իր խիստ անձնական նկատառումներից, ենթարկվում է օրվա թելադրանքին, ընդունում այն կողմնորոշումը, որն իրեն պետք է այս պահին։
Նրան որպես արեւմտամետ, որպես ռուսամետ, որպես հայաստանամետ, որպես դեմոկրատ, որպես լիբերալ կամ որպես քաղաքական այլ կողմնորոշման կամ ուղղության կրող դիտարկելը սխալ է: Նա կայուն փաշինյանամետ է: Այդպիսին եղել է միշտ, այդպիսին է այսօր, այդպիսին կմնա։
Նրա համար կան սեփական ծրագրերը եւ սեփական խնդիրները, մնացածը ստորադաս են եւ անարժեք: Այնպես որ՝ եթե այսօր Փաշինյանը արեւմտամետ դիրքերից է հանդես գալիս, եթե Արեւմուտքն այս պահին շոյում է նրա գլուխը՝ բոլորովին չի նշանակում, թե նա արեւմտամետ է, առավել եւս չի նշանակում, թե Արեւմուտքն այնքան միամիտ է, որ նրան որպես այդպիսին ընկալի: Արեւմուտքն ունի իր ծրագրերը, որոնք իրականացնելիս օգտվում է Փաշինյանի այս պահի կողմնորոշումից։
Հայաստանում քննարկումը՝ դեպի Արեւմո՞ւտք, թե՞ դեպի Ռուսաստան կամ ինչպես համադրել այս երկու ուղղությունները, միշտ է եղել։ Այս մասին շատ է խոսվել ու շատ է գրվել։ Բայց այն որակը, որ այս վեճը ձեռք է բերել այսօր՝ չի եղել երբեք։ Կրքերը թեժ են ու նաեւ՝ ոչ մի տեղ չտանող։ Եւ արեւմտամետները, եւ ռուսամետները մի կողմ դրած Հայաստանը՝ տարված են իրենց կռվով ու իրենց հոգսով։
Պառլամենտական ընդդիմությանը ռուսամետ անվանելն է անգամ սխալ, որովհետեւ նրանք ոչ թե պարզ ռուսամետներ են, այլ Հայաստանում Ռուսաստանի շահերն են սպասարկում։ Նրանք սա չեն թաքցնում ու թաքցնելու խնդիր էլ չունեն։ Այստեղ հարցեր չկան ու չկան խութեր: Ամեն ինչ պարզ է ու բաց:
Սրանցից բացի կան ընդդիմադիր այլ ուժեր եւ իշխանության այլ քննադատներ, որոնց մասին չես ասի, թե Ռուսաստանի շահերն են սպասարկում, բայց, այնուամենայնիվ ելնելով մեր տարածաշրջանում Ռուսաստանի որոշիչ դերի անխուսափելիությունից (իրենց պնդումն է)՝ առաջարկում են Հայաստանի ներկան եւ ապագան հաշվարկելիս անպայման նկատի ունենալ Ռուսաստանի պարագան, հարմարեցնել հայկական շահերը ռուսական շահերին։
Հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ վարքը, աչքի առաջ ունենալով Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները՝ Արեւմտյան կողմնորոշման մեջ նրանք մեծ վտանգ են տեսնում։ Արդեն արձանագրված կորուստները բացատրում են Ռուսաստանին հակադրվելու հանգամանքով։ Պնդում են, իբր 2018-ից հետո Փաշինյանը չի գործել ռուսական ծրագրերի տիրույթում, հակադրվել է Ռուսաստանին, այդ պատճառով էլ ունենք այս կորուստները:
Բայց պետականության հարյուրամյակների պատմություն եւ միջազգային ասպարեզում առաջնային դերակատարում ունեցող այնպիսի երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, իր հաշվարկներն, անկասկած, կատարում է ոչ թե անձերով պայմանավորված, այլ ելնելով իր նպատակներից։ Անձերը դեր, իհարկե, խաղում են, բայց՝ ոչ որոշիչ։
Զարգացումները ցույց տվեցին, որ ժամանակի այս կտրվածքում Ռուսաստանի շահերի տիրույթում Հայաստանը ոչ միայն առաջնային չէր, այլ նաեւ զոհաբերման էր ենթակա։ Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը՝ հանուն թուրքական աշխարհի հետ իր համաձայնությունների, զոհել է հայկական շահերը։ Այսպես եղել է 20-րդ դարի սկզբին, այդպես եղավ այսօր։
2000-ականների ողջ ընթացքում, երբ Փաշինյան դերակատարը չկար բոլորովին, իսկ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ընդգծված պռոռուսական իշխանությունն էր, Ռուսաստանը զոհել է Հայաստանի շահը՝ գույք պարտքի դիմաց գործարքից սկսած մինչեւ Ադրբեջանին ժամանակակից ու որակյալ զինատեսակներ վաճառելը, որը նրանք որպես Հայաստանից հնչող վախվորած բողոքների պատասխան, բիզնես էին անվանում։
Ողջ այդ 20 տարիների ընթացքում, ապա Փաշինյանի օրոք, Հայաստանը եղել է Ռուսաստանի անմռունչ կամակատարը, բայց դրա դիմաց շոշափելի ոչինչ չի ստացել։ Արձանագրված կորուստները ոչ միայն Փաշինյանի երկու տարվա, այլ նախորդող 18 տարիների սխալ հաշվարկների հետեւանք են։
Անգամ 2020-ի պատերազմից ու պարտությունից հետո էլ Փաշինյանի ողջ հույսը Մոսկվան էր։ Ակնհայտ իրողությունները չտեսնելու տալով հավատացնում էր ինքն իրեն, իր շրջապատին ու նաեւ հայաստանցուն, թե Մոսկվայի աջակցությամբ կդիմակայի Ադրբեջանի ագրեսիային, կպահի Արցախը, կպաշտպանի Հայաստանը, հետ կբերի գերիներին, անվտանգություն կապահովի։ Իսկ Մոսկվան՝ Հայաստանից վասալություն պահանջել շարունակելով՝ հանդես էր գալիս ու հանդես է գալիս որպես Ադրբեջանի անվերապահ աջակից։
Ռուսական շահերին հայկական շահերի հարմարեցման-ենթարկեցման-համաձայնեցման առաջարկ անողները պետք է ցույց տան այն սահմանը, որտեղ ավարտվում է երկրի ինքնիշխանությունը եւ սկսում են վասալային հարաբերությունները։ Կամ պետք է բացատրեն, թե Հայաստանի ինքնիշխանության ո՞ր մակարդակն է, որ Ռուսաստանը կարող է հանդուրժել։
Ռուսաստանը որպես միակ դաշնակից դիտարկողներին եւ Ռուսաստանի դերը առանցքային համարողներին հակադարձում են տարաբնույթ արեւմտամետներն ու որպես այդպիսին ներկայացողները։ Մի կողմ թողնենք, թե ով են, որտեղից են գալիս եւ ինչու են արեւմտամետ։ Սա այս պահին կարեւոր չէ։ Կարեւոր է, որ հենց սրանք են, սոցիալական հարթակներում ու մամուլի էջերում մասնակցում ռուսամետ-արեւմտամետ ընթացող պատերազմին, չունեն արգելակներ եւ առանց բարդույթների պիտակավորում են բոլոր անհամաձայներին։
Կարող են մարդուն անվանել դավաճան, ռուսամետ կամ ռուսական գործակալ։ Երբ չկան արգելակներ՝ չկա նաեւ պատասխանատվություն խոսքի նկատմամբ։
Առանց այլեւայլությունների, առանց վտանգները հաշվի առնելու առաջարկում են սլանալ դեպի Արեւմուտք։ Վստահ են ու վստահեցնում են՝ սպասում են մեզ այնտեղ։ Պնդում են՝ եթե մեր երկիրը պաշտոնապես հայտարարի, թե դեպի Արեւմուտք է գնում, ապա կբացվեն դռները մեր առջեւ, Արեւմուտքն էլ իր ողջ ներուժով մեզ իր պաշտպանության տակ կառնի: ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ դառնալը հեշտ մի պրոցես են ներկայացնում, որն սկսելու համար հակառուսական կեցվածք որդեգրելը բավարար է:
Զարմանալի կլիներ, ավելին՝ տխուր կլիներ, եթե մեր քաղաքական դաշտը սահմանափակվեր միայն թվարկված ռուսամետներով ու արեւամտամետներով։ Ունենք, իհարկե, ծանրակշիռ գործիչներ, որոնք Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ լուրջ հաշվարկներ են կատարում, առաջարկում են անաղմուկ, առանց կոշտ հայտարարությունների, կտրուկ շրջադարձների եւ առանց թշնամանալու կողմերից որեւէ մեկի հետ, առանց ցուցադրական հակադրությունների՝ մշակել քայլերի հերթականություն ու ծրագրեր, որոնց արդյունքում Հայաստանը՝ երկարաժամկետ կտրվածքով կդառնա պաշտպանված ու զարգացող երկիր, որն անլուծելի խնդիրներ չի ունենա հեռու ու մոտ հարեւանների, առավել եւս՝ գերտերությունների հետ։
Սրանց ձայնը, բայց, արեւմտամետ-ռուսաստանամետ կողմնորոշմամբ հանդես եկողների չընդհատվող աղմուկի մեջ խլանում է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։