Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը անընդունելի անձ՝ է հայտարարել Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին։ Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է Քիշնեւում ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին, հայտնում է NewsMaker-ը։
«Արտաքսման որոշումը կայացվել է ձեռնարկված միջոցառումների արդյունքում, որոնք հնարավորություն են տվել տեղեկություններ եւ ապացույցներ հավաքել առ այն, որ ռուս դիվանագետը Մոլդովայի տարածքում իրականացրել է գործողություններ, որոնք անհամատեղելի են եղել նրա դիվանագիտական կարգավիճակին»,-ասվում է Մոլդովայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
ՌԴ դեսպանի խոսքով՝ ռազմական կցորդի օգնականը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա» եւ պետք է «որոշակի ժամկետում» լքի Մոլդովան։ Դիվանագիտական շրջանակներում «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության աղբյուրների համաձայն՝ խոսքը Քիշնեւում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի օգնական Դմիտրի Կելովի մասին է։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով Քիշնեւի որոշումը, նշել է, որ ռուս դիվանագետին անընդունելի անձ հայտարարելը հիմնավորված չէ եւ թշնամական։
«Ստեղծված իրավիճակում ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատշաճ պատասխան տալ Մոլդովայի իշխանությունների՝ ՌԴ դեսպանատան աշխատակցի նկատմամբ ապօրինի թշնամական որոշմանը»,-նշել է Զախարովան։