ԱՄՆ փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Քամալա Հարիսը ընտրողների աջակցության առումով շարունակում է առաջնային դիրքերում մնալ իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ, սակայն վերջին օրերին այդ տարբերությունը կրկնակի կրճատվել է՝ հասնելով 1 տոկոսային կետի։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է Reuters-ը Ipsos սոցիոլոգիական ծառայության հետ համատեղ։
Հարցման համաձայն՝ Հարիսին նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել հարցվածների 43%-ը, իսկ Թրամփին՝ 42%-ը։ Հարցվածների 6%-ն նշել է, որ չի քվեարկի թեկնածուներից ոչ մեկի օգտին։ 7%-ն էլ ասել է, որ դեռ չի կողմնորոշվել։
Հուլիսի 22-23-ին անցկացված համանման հարցման արդյունքներով Հարրիսը Թրամփից առաջ էր անցել 2 տոկոսային կետով, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ երկու թեկնածուների աջակցության մակարդակը կազմել էր հավասար՝ 44%։
Հարցումն անցկացվել է առցանց՝ հուլիսի 26-28-ը։ Դրան մասնակցել է 18 տարեկան եւ ավելի մոտ 1 հազար ամերիկացի։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն հունիսի 27-ին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, որը համարվեց տապալված, դեմոկրատների շրջանում նրա պայքարից հրաժարվելու կոչերը սկսել էին էլ ավելի հաճախակիանալ։ Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու եւ ԱՄՆ փոխնախագահ Հարիսի թեկնածությանը սատարելու մասին։