Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին «Վրացական երազանքի» նախաձեռնած եւ ընդունած «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը «հետքայլ է» երկրի եվրաինտեգրման ուղղուց։ Այս մասին Europa Press-ի իսպանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի խոսնակ Պիտեր Ստանոն։ Նա նաեւ հավելել, որ դա կարող է հանգեցնել Վրաստանի կառավարությանը ԵՄ տրամադրվող օգնության դադարեցմանը։
«Մենք դիտարկում ենք Վրաստանի կառավարությանը մեր ֆինանսական օգնությունը դադարեցնելու հնարավորությունը»,- ասել է Ստանոն եւ նշել, որ ԵՄ-ն արդեն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը որպես Եվրոպական խաղաղության մեխանիզմի մաս պետք է հատկացվեր Վրաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու համար։
Օգոստոսի 1-ից Վրաստանում ամբողջությամբ ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն, հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները կարող են գրանցվել՝ որպես «օտար տերության շահերի վարողներ»:
Օրենքի համաձայն՝ նման պարտավորություն արդեն իսկ վերաբերում է այն հասարակական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին, որոնք մինչեւ 2023 թվականի վերջը ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացել են արտասահմանից։ Նրանք մեկ ամսվա ընթացքում պետք է դիմեն Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն։
Նախորդ ամիս Թբիլիսիում ԵՄ դեսպանը հայտարարել էր, որ նոր օրենքի ընդունման ու Արեւմուտքի հանդեպ հռետորաբանության կոշտացման պատճառով կասեցվել է նաեւ Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը։