ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 1-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հրեական պետության պաշտպանությունն ամրապնդելու միջոցները, այդ թվում՝ ամերիկյան զորքերի տեղակայման հնարավորությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
«Նախագահը վերահաստատել է հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը՝ բխող Իրանի եւ նրա վերահսկողությամբ գործող ահաբեկչական ՀԱՄԱՍ, «Հեզբոլլահ» շարժումներից, ինչպես նաեւ [Եմենի] Հութիներից։ Նախագահը քննարկել է սպառնալիքներից Իսրայելի պաշտպանունակությունն ամրապնդելու ջանքերը, որոնց թվում են բալիստիկ հրթիռներից եւ անօդաչու սարքերից պաշտպանությունը, ներառյալ պաշտպանական նպատակներով ամերիկյան զորքերի նոր տեղակայումը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Բացի այս Բայդենը նաեւ «շեշտել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար շարունակական ջանքերի գործադրման կարեւորությունը»։ Մամուլի նշում է, որ հեռախոսազրույցին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ամերիկյան Axios պորտալը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, ԱՄՆ-ն պատրաստվում է Իսրայելին օգնել առաջիկա օրերին Իրանի եւ նրա դաշնակիցների, այդ թվում՝ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հարձակումը հետ մղելու հարցում։ Պորտալի տվյալներով՝ հուլիսի 31-ին ամերիկյան հետախուզությունը սկսել է տեղեկություններ ստանալ Իրանի կողմից ծրագրված հարձակման մասին։
Բայդենի վարչակազմը վստահ է, որ Իրանը մտադիր է առաջիկա մի քանի օրվա ընթացքում հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը, որի համար Իրանը պատասխանատու է համարում Իսրայելին։